ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ Ադրբեջանում կոչում են ռևանշիզմ, մեր հասարակության առողջ մասը կոչում է արդարության վերականգնում. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռևանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։

Թեմայի շուրջ 1or.am-ի զրուցակիցն ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն է.

«Ադրբեջանի նախագահը փորձում է զբաղվել աճպարարությամբ: Ադրբեջանի Հանրապետությունը, իր ամենաբարձր ղեկավարության շուրթերով, բազմիցս սպառնացել է և կասկածի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բոլորովին վերջերս՝ սրանից մի քանի օր առաջ, Ալիևը, հանդիպելով Ադրբեջանի երիտասարդների հետ և տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ասաց, որ արցախյան հարցն այլևս փակված է, հիմա ժամանակն է վերադառնալու Զանգեզուր, որ Զանգեզուրն իրենց հողն է, Սևանն իրենց հողն է, և իրենք անպայման կվերադառնան նաև Երևան:

Ադրբեջանի կառավարության մեջ սփյուռքի հետ կապերի համար հատուկ պատասխանատու կա, ով բարձր պաշտոնական մակարդակով Շուշիում հայտարարեց, որ հաջորդ՝ Աշխարհի ադրբեջանցիների 6-րդ համագումարը լինելու է Երևանում և Թավրիզում՝ փաստացիորեն կասկածի տակ դնելով ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլ նաև Իրանի: Ասեմ ավելին՝ այդ համաժողովի լոգոյի մեջ, որի ժամանակ Ալիևը փորձում է հերթական թատերաբեմն ստեղծել իր համար, Հայաստանը ներկայացված է առանց Զանգեզուրի, Հայաստանի հարավային մասն Ադրբեջանի կազմում է ներկայացված: Այստեղ ի՞նչ կասկած կարող է լինել, որ Ադրբեջանը չի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, առավել ևս, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Սև լճի ուղղությամբ և օկուպացրել են մեր տարածքները: Իհարկե, դա Ադրբեջանի կողմից հստակ քաղաքականության դրսևորում է, ոչ թե հայտարարություն»:

Խոսելով Ալիևի ձևակերպմամբ ռևանշիզմի մասին` քաղաքագետը նշեց.

«Հայաստանում ռևանշիզմ գոյություն չունի: Հայաստանի հասարակության առողջ մասը ձգտում է արժանապատիվ խաղաղության և արդարացման վերականգնման: Այն, ինչ Ադրբեջանում կոչում են ռևանշիզմ, մեր հասարակության առողջ մասը կոչում է արդարության վերականգնում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular