ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը ցույց տվեց իր դրական մոտեցումն այդ ծրագրի նկատմամբ. բնապահպանը՝ ԱՄՆ դեսպանի Ամուլսար այցի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։

«Դեսպանը քաջալերեց ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի»,- ասված էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանի այցի և դրանից սպասվող առաջիկա իրադարձությունների մասին 1or.am-ը զրուցել է «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ: Բնապահպանի խոսքով՝ սկսած 2011 թվականից, Հասարակության ուշադրությունն ընդհանրապես չի շեղվել Ամուլսարից և դրա ատճառները շատ պարզ են. նախագիծը շատ մեծ և տարբեր ռիսկեր պարունակող է՝ կապված Ջերմուկի առողջարանի, ջրային ռեսուրսների անվտանգության, ցիանիդային հարթակի կառուցման և այլ հանգամանքների հետ.

«Իմ կարծիքով՝ այստեղ կա իրավիճակի փոփոխություն՝ կապված Կառավարության՝ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծի հետ: Արդեն երկրորդ շաբաթն է՝ հասարակության կողմից ֆլեշմոբ է իրականացվում՝ ասա ո՛չ այդ նախագծին, քանի որ մենք համոզված ենք, որ այդ նախագծում կան կոնկրետ կետեր, որոնք կապված են հենց Ամուլսարի ծրագրի հետ: Սա նոր իրողություն է Ամուլսարի ծրագրի համար:

Եթե մենք նայենք այս պրոյեկտի ներդրողների ցուցակը, այնտեղ ընդգրկված են ամերիկյան բազմաթիվ կազմակերպություններ, որոնցից մեկը, ի դեպ, անմիջական կապ ունի մեր «Ամերիաբանկի» հետ: Եվ պարզ է, որ դեսպանատունը երբեք բացասական եզրակացություն չի տա այս ծրագրին: Բայց այստեղ իրար հակասող երկու հանգամանք կա. ի սկզբանե Ամուլսարի ծրագիրը երկու խոշոր ներդրողներ ուներ՝ Համաշխարհային բաննկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման բանկը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից: Եվ այդ բանկերը մի քանի առաջ հրաժարվել են ծրագիրը ֆինանսավորելուց՝ հիմնվելով այն բողոքների վրա, որոնք ստացել են տեղի բնակիչներից և հասարակական կազմակերպություններից: Ճիշտ է, շատ բացասական չեն արձագանքել այդ բողոքներին, բայց արդյունքում դադարեցրել են ֆինանսավորումը: Եվ այստեղ հակասություն է առաջանում կառավարության կողմից ֆինանսավորվող բանկերի և կառավարության դեսպանի մոտեցումների մեջ»:

Զարաֆյանի խոսքով՝ Այցը կապված է հենց ֆլեշմոբի, նոր իրադարձությունների, կոնկրետ օրինագծի հետ, որովհետև այս օրինագիծը քննարկման դնելով կառավարությունը, չնշելով հենց Ամուլսարը, ուզում է ցույց տալ իր դրական մոտեցումն այդ ծրագրի նկատմամբ.

«Ես սա ասում եմ, քանի որ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ նույնիսկ հասարակական քննարկում չի եղել, իսկ այն հանդիպումը, որը կազմակերպվել էր իբր հանրային քննարկման անվան տակ, չէր համապատասխանում ոչ մի նորմի: Իմ համոզմամբ՝ այսպիսի մասշտաբներով ծրագրի համար այս մոտեցումն ուղղակի անընդունելի է»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular