ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի պատվիրակի հուզական հարցին չոր պատասխան՝ Կիպրոսի ԱԳ նախարարի կողմից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

aravot.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակության անդամները կրկին բարձրացրին ԼՂՀ հակամարտության խնդիրը:

Վեհաժողովը հյուրընկալել էր Կիպրոսի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդեսին: ԱԳ նախարարի հետ հարցուպատասխանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը, հիշատակելով, որ 2017-ը միջազգայնորեն հայտարարված է որպես ընտանիքի տարի, կարծիք հայտնեց, որ ԵԽ-ն խոշոր հաշվով 47 երկրների ընտանիք է և ընդունելի չէ այն, որ այդ ընտանիքի անդամ երկրների միջև լինեն հակամարտություններ:

Հուզական դիտարկումներից հետո ադրբեջանցի պատվիրակը հարց բարձրացրեց՝ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել ԵԽ-ի կողմից, որպեսզի կառույցն «իրականում դառնա 47 անդամ երկրների ընտանիք»: Հուզական հարցին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը տվեց չոր պատասխան. «Եվրոպայի խորհուրդը չունի հակամարտություններ լուծելու մանդատ»: Այնուհետև շարունակեց.

«Այդ հարցի լուծումը վերագրված է միջազգային այլ կառույցներին: Չնայած այդ հանգամանքին՝ մենք պետք է վստահ լինենք, որ Եվրոպայի տարածքում ապրող բոլոր մարդիկ կարողանում են օգտվել ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության գործիքներից, մասնավորապես՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայից: Եվ ԵԽ-ի խնդիրն է անդամ երկրների միջև ապահովել համագործակցություն և երկխոսություն:

Հենց ասվածի վկայությունն է այն, որ անցյալ տարի ԵԽ գլխավոր քարտուղարը փաստահավաք առաքելություն ուղարկեց Ղրիմ: Կարծում եմ դա կլինի մի քայլ առաջ, որով ԵԽ մոնիտորինգային կառույցները մուտք կունենան Ղրիմ»: Միևնույն ժամանակ Կիպրոսի ԱԳ նախարարը փաստեց, որ Ղրիմը Եվրոպայի տարածքում միակ հակամարտությունը չէ և նույնը վերաբերում է նաև մյուս հակամարտություններին:

Նա փաստեց, որ այս հարցերը քննարկվել են նաև մայիսին Սոֆիայում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի նիստին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

aravot.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular