ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազի գինը կբարձրանա՞. պարզաբանում է տնտեսագետը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցնում է գազի մատակարարումը լեհական PGNiG ընկերությանը և բուլղարական Bulgargaz ընկերություններին, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց: Bulgargaz-ը Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի մատակարարումների դիմաց վճարման նոր կարգը համարել է զգալի ռիսկեր ստեղծող պահանջ, որը չի համապատասխանում մինչև այս տարվա վերջ գործող պայմանագրի պայմաններին:

Այդ  հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է մեկ քառորդով՝ գերազանցելով 1300 ԱՄՆ դոլարի շեմը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի գների բարձրացումը կարող է փոխհատուցել ՌԴ արտահանման ծավալների անկման հետևանքով առաջացող տնտեսական օգուտների կորուստը:

1or.am-ը տնտեսագետ Մերի Բոյաջյանի հետ զրույցում պարզել է, թե այս իրադարձությունների ֆոնին կապույտ վառելիքի շուկայում ինչպիսի՞ զարգացումների պետք է սպասել ՀՀ-ում.

«Հայ-ռուսական հարաբերությունները, այդ թվում՝ ՀՀ ՌԴ-ից գազի ներմուծման հարցը, բացառապես այլ հարթությունում են և դժվար թե տուժեն այս մասնակի դեպքով պայմանավորված։ Միևնույն ժամանակ, ռուսական գազը «Գազպրոմ Արմենիա»-ին սահմանի վրա վաճառվում է ցածր գնով՝ ի տարբերություն մի շարք այլ երկրների, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով և առանց 30% սահմանված արտահանման մաքսատուրքի: Ինչ վերաբերում է ՌԴ կողմից դեպի Հայաստան գազամատակարարման ծավալներին, ապա 2021թ.-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ գազի ներկրման ծավալների ավելի քան 87%-ը, իսկ մնացած 12.9%-ը՝ Իրանին, ինչը փաստում է ՀՀ տնտեսության բարձր կախվածությունը ՌԴ գազի շուկայից»:

Տնտեսագետի խոսքով` պաշտոնական տվյալներով՝ ներկայում Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է ռուբլով վճարումներ կատարել, սակայն գնագոյացումը դեռևս իրականացվում է դոլարով.

«Այս պարագայում գազի դիմաց վճարվող դոլարը մնում է Հայաստանում, ինչը կարճաժամկետում բարելավում է ֆինանսական շուկայի տարադրամային հագեցվածությունը, ինչով էլ պայմանավորված է վերջին շրջանում արժութային շուկայում արձանագրված դոլարային պահանջարկի անկումը և դրա հետևանքով ԱՄՆ դոլարի արժեզրկումը:

Կարևոր է նշել նաև, որ ԵԱՏՄ շրջանակներում գազի միասնական շուկայի հնարավորինս շուտ ձևավորումը երկարաժամկետում կապահովի գազի գների կայունություն: Ռուսական ներքին գներով գազի մատակարարումն ավելի շահեկան կլինի Հայաստանի Հանրապետության համար, քանի որ հնարավորություն կտա խուսափել դոլարի տատանումների հետ կապված ռիսկերից, իսկ ԵԱՏՄ շրջանակներում գազի միասնական շուկայի ստեղծումը թույլ կտա գազի միջազգային գներին հետևել միջնորդավորված, ընդ որում՝ միջազգային գների տատանումները ներքին գնագոյացման վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular