ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են դոլարն ու եվրոն շարունակաբար նվազում և ե՞րբ սպասել կայունացման. պարզաբանում է տնտեսագետը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է 449.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.61 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 473.26 դրամ:

Թե ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի` վերջին շրջանում շարունակական անկումը, 1or.am-ը փորձել է պարզել տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում.

«Բավականին միջամտություններ են տեղի ունենում և՛ դրսից, և՛ Հայաստանի ներսում։ Կենտրոնական բանկի կողմից սահմանափակվում է արտարժույթի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Օրինակ վերցնենք այն, որ գազի խոշոր սպառման համար Հայաստանի Հանրապետությունից դոլարային վճարում էր արվում, հիմա արդեն վճարումն արվում է ռուբլիով, հետևաբար, ավելանում է ռուբլու պահանջարկը։ Դրա հաշվին, ի թիվս այլ կոմպոնենտների, սա ևս նպաստող գործոն էր, որ ռուբլին ուժեղանա, դոլարը թուլանա։

Գաղտնիք չէ, որ մենք ավելի շատ ներմուծող երկիր ենք, քան թե արտահանող, և արտաքին առևտրի ժամանակ ներմուծումների դիմաց սկսեցինք օրինակ Ռուսաստանին վճարել ռուբլիով: Վերջերս փորձնական նաև Չինաստանից գնումների դիմաց վճարում կատարվեց յուանով, ավելին, հետագայի համար արդեն հաշվարկները ճշգրտվում են` այսուհետ յուանով կատարելու բոլոր վճարումները։ Հետևաբար եթե դոլարը դիտարկենք որպես ապրանք, այդ ապրանքի պահանջարկի թուլացմանը զուգահեռ, բնականաբար, պետք է նրա արժեքն էլ թուլանար։ Սա է հիմնական պատճառը, որ այս պահի դրությամբ դոլարն այսքան թույլ է։

Անդրադառնալով ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցություններին՝ տնտեսագետը նշեց.

«Արտահանման տեսանկյունից, բնականաբար, բացասաբար է անդրադառնալու, բայց դա լուծելի խնդիր է։ Այս ընթացքում քանի որ հաշվարկները դոլարով էին  կատարվում, հիմա պետք է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ըստ գործընկերների, ըստ արտահանման ուղղությունների վերահաշվարկներ կատարեն, նոր գնային քաղաքականություն մշակեն, գնանշումներ կատարեն։ Այս առումով կարճաժամկետում կունենանք արտահանման թուլացում ու խնդիրներ բնականաբար, երկարաժամկետում դրանք կկարգավորվեն։

Ներմուծման առումով լավ է, արդեն պետք է գնանկում տեղի ունենա ընդհանուր շուկայում: Սա կարող ենք որոշակի դրական կետ համարել, բայց ընդհանուր առմամբ, բնականաբար, բացասական ազդեցություն ունի՝ անկայունության ու անկանխատեսելիության տեսանկյունից. տեսեք մեկ ամսվա մեջ դոլարը բարձրանում է մինչև 520 հետո իջնում մինչև 450, սա նորմալ երևույթ չէ և, այսպես ասած ներդրողներին հետ է քաշում, այսինքն ի թիվս այլ հանգամանքների, ներդրողներին սա հերթական ազդակ է, որ դեռ սպասեն մինչև կայունացում լինի»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular