ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսանողների՝ հանրահավաքներին մասնակցելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու իրավունք որևէ մեկը չունի. Գոհար Մելոյան

ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։
 
Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։ Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։
 
Այս իրավիճակում իրավաչափության մասին որևէ խոսք անգամ լինել չի կարող, 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը.
 
«ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունք, ինչպես նաև սահմանում է սահմանափակման դեպքերը, մասնավորապես, պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության, բարոյական կամ այլ հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով: Ինչպես տեսնում եք, այստեղ թվարկվածներից որևէ դեպք ընդգրկված չէ, և անգամ եթե, օրինակ, ԵՊՀ կանոնադրությամբ նման իրավիճակը սահմանափակվում է, էլի հակաիրավական բնույթ է կրում, և ուսանողների ո՛չ հանրահավաքներին մասնակցելու, ո՛չ ազատ տեղաշարժը սահմանափակելու իրավունք որևէ մեկը չունի»:
 
Անդրադառնալով ԵՊՀ տարածած հայտարարության մեջ կրթություն ստանալու իրավունքը վկայակոչելուն՝ Մելոյանը նշեց.
 
«Իրենք ինքնուրույն որոշում կայացնել չէին կարող, թե որ իրավունքն է գերակա ուսանողի համար: Իրենք զուտ կազմակերպչական բնույթի աշխատանքներ իրականացնելու հնարավորություն ունեն, իսկ ուսանողն ինքնուրույն է որոշում՝ այդ պահին որ իրավունքից է ուզում օգտվել՝ կրթություն ստանալու՞, թե՞ ազատ տեղաշարժման, հանրահավաքներին ազատորեն մասնակցելու»:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular