ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ձևով Լենա Նազարյանը ներողություն կխնդրի Թագուհի Թովմասյանից

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցը ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի. իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ այդ ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց Աբովյանի դիահերձարանի գետնին նետված դիերի մասին՝ քննադատելով իշխանությանը, ինչին ի պատասխան՝ ստացավ ԱԺ այն ժամանակվա փոխնախագահի կողմից վիրավորանք:

Թովմասյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանի խոսքով՝ դատարանն իրենց հայցը մասնակի է բավարարել.

«Մենք պահաջ էինք ներկայացրել, որ ներողությունը հնչի այն ամբիոնից, որտեղից հասցվել էր վիրավորանքը, բայց, քանի որ օրենքով սահմանված կարգով ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը, այս դեպքում որոշում է կայացվել, որ ներողությունը պետք է խնդրվի հետևյալ կերպ. նվազագույնը 1000 տպաքանակ ունեցող թերթում համապատասխան բովանդակությամբ տեղեկություն պետք է տպագրվի, որ այսինչ օրը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից հնչեցրած այսինչ արտահայտության համար ներողություն եմ խնդրում տիկին Թագուհի Թովմասյանից: Նաև ներկայացրել ենք գումար բռնագանձելու պահանջ՝ որպես խախտված իրավունքների դիմաց փոխհատուցում, որը դատարանի կողմից չի բավարարվել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ոսկանյանը:

Հարցին, գումարը չբռնագանձելու որոշումը Լենա Նազարյանի փաստաբանի միջնորդության արդյու՞նքն է, որով վերջինս խնդրել էր դատարանին վճիռ կայացնելիս հաշվի առնել պատգամավորի ֆինանսական դրությունը, որ պատգամավորի ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէ, ամսական մոտ 600 հազար դրամ վարկ է մարում, ուստի չի կարող շուրջ 1 մլն դրամ տուգանք վճարել, Ոսկանյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել, դատարանը նման պատճառաբանություն դատական ակտի մեջ չի բերել, պատճառաբանությունը լրիվ ուրիշ է, որի դեմ էլ մենք պատրաստվում ենք վերաքննիչ բողոք տանել»:

Անդրադառնալով Նազարյանի կողմից վճիռը բեկանելու վերաբերյալ հարցին՝ փաստաբանը նշեց.

«Երևի թե նորմալ ու սպասելի է, որ կփորձեն, որովհետև, եթե ի սկզբանե ներողություն խնդրելու պահանջն ընդունած լինեին, ապա դատարանում մենք վեճ չէինք ունենա: Ներողություն խնդրելու առաջարկ ի սկզբանե մի քանի անգամ ուղղվել է պատասխանողին, բայց, քանի որ իրենք չեն ընդունել այդ առաջարկը, հայցվորը դիմել է դատական պաշտպանության: Հիմա, քանի որ մեր հայցը բավարարվել է, բնականաբար, պատասխանող կողմին սա ձեռնտու տարբերակ չէ, իրենք ինձ հետ չեն կիսվել հետագա քայլերի առումով, բայց սպասելի է, որ գործը կտանեն վերաքննիչ քաղաքացիական դատարան»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular