ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են իրենց պահում ռուս դաշնակիցները. իրավիճակը միանշանակ չէ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Pulseday.ru-ն գրում է, որ չնայած այն հանգամանքին, որ մերձավոր արտերկիրը վաղուց է իբր թե կազմում Ռուսաստանի ազդեցության գոտու մաս, ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, կարծես, ծրագրում են հեռանալ իրենց «մեծ եղբորից» և երբեմն լեգիտիմացնել այդ կարգավիճակը միանալով այնպիսի մի դաշինքի, որը հակադրվում է Ռուսաստանին: Նման կարծիք են հայտնել Կրեմլին մոտ կանգնած ռեսուրսների փորձագետները։

ՆԱՏՕ-ն սպասում է Ադրբեջանին: Չնայած դաշինքից իր աշխարհագրական հեռավորությանը («Ատլանտյան» բառը հազիվ թե կիրառելի է այդ հանրապետության տարածքի համար), պետք է հիշել, որ նրա ամենամոտ դաշնակից Թուրքիան, որը նույնպես այնքան էլ նման չէ Եվրոպային, ՆԱՏՕ-ի անդամ է արդեն երկար ժամանակ: Անցյալ տարի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը հայտարարել էր, որ այն պահից ի վեր, երբ ադրբեջանցի զինվորականները թուրքական բանակի հետ միասին կռվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանի դեմ, Ադրբեջանին կարելի է դե ֆակտո համարել ՆԱՏՕ-ի անդամ։ Խորհրդարանականն այդպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Անկարան կարող է ռազմաբազա ստեղծել Ադրբեջանի տարածքում։ Փորձագետները նշում են, որ ներկայումս բանակցություններ են ընթանում դաշինքի հետ։ Ենթադրվում է, որ հենց դա է այն պատճառը, որ Բաքուն ցանկանում է արագ լուծել Հայաստանի հետ հակամարտությունը։

Եթե ​​Հայաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ապա, ըստ Փաշինյանի, ընտրությունը կկատարվեր երկրորդի օգտին. «Եթե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, մենք կկատարենք այդ պայմանը»։ Սա է Հայաստանի ընտրությունը:

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա նրա սահմանադրությունը նախատեսում է հանրապետության չեզոք կարգավիճակ, ուստի երկիրը չի դիտարկում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցը, վերջերս հայտարարել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան։ Սակայն փորձագետները չեն բացառում, որ իրավիճակը կարող է բարդանալ, եթե մարտերը Ուկրաինայում մոտենան այդ փոքրիկ երկրի սահմաններին։

Վերջապես, Ֆինլանդիան, որը Ռուսաստանի մաս էր կազմում անցյալ դարասկզբին և այնուհետև, տասնամյակներ շարունակ կարճատև հակամարտությունից հետո եղել է անկախ կարգավիճակում և հանգստության գործոն Ռուսաստանի հյուսիսարևմտյան սահմանին, վերջերս հայտարարել է, որ  առաջիկա շաբաթների ընթացքում կուղարկի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմում։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո նույնիսկ այն ֆիննական քաղաքական կուսակցությունները, որոնք դեմ էին ՆԱՏՕ-ին անդամակցելուն, հայտարարել են այդ հարցի քննարկմանը վերադառնալու մտադրության մասին։

Կենտրոնական Ասիայում ռուս փորձագետները տեսնում են թուրքական ազդեցության աճ համարելով, որ Ղրղզստանը, Ղազախստանը և Թուրքմենստանն անցնում են Անկարայի վերահսկողության տակ։ Մեկուկես տարի առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարի Ղազախստան և Ուզբեկստան կատարած այցից հետո մամուլում խոսվում էր «Թուրանի բանակ» ռազմաքաղաքական նոր դաշինքի առաջիկա ստեղծման մասին։

Ռուսաստանից Կենտրոնական Ասիայի ամենահեռավոր հանրապետությունը՝ Տաջիկստանը, կարող է անցնել Չինաստանի վերահսկողության տակ, կարծում են փորձագետները։ Վեց ամիս առաջ Տաջիկստանը թույլ է տվել Չինաստանին իր տարածքում նոր ռազմաբազա կառուցել։ Հետաքրքիր է այն, որ այդ ռազմակայանը Չինաստանի համար երկրորդը կլինի Տաջիկստանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular