ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական պետությունը կփրկի միայն Աշխարհաժողովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Realtribune.ru-ն գրում է, որ Արևմտյան և Արևելյան Հայաստանի ժառանգները պետք է հավաքվեն Երևանում Համահայկական տարեկան համագումարին, որպեսզի ստեղծեն Նոր Սահմանադրությամբ Նոր Հայաստան: Նման կարծիք է հայտնել «Realtribune» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը։

«Աշխարհաժողովը Համահայկական համագումարն է՝ հայկական ժողովրդավարության հնագույն ձևը, որը հազարավոր տարիներ շարունակ, հատկապես պատմության ճգնաժամային ժամանակաշրջաններում, իր թևի տակ է հավաքել հայկական բոլոր խավերը հաստատելու ազգաշինության նոր օրենքներն ու ծրագրերը։ Աշխարհաժողովի ինստիտուտի վերածնունդը մեր գլխավոր հույսն է»,- ընդգծել է նա։

Նրա կարծիքով, ժամանակակից Հայաստանում իշխող դասակարգը յուրացրել է իշխանությունը և ամբողջությամբ սպառել իրեն։

«Ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանությունները չեն ցանկանում, չեն կարող և չգիտեն ինչպես երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից»,- կարծիք է հայտնել Ծատուրյանը։

Նա նաև կարծում է, որ Աշխարհաժողովում, ըստ ավանդույթի, պետք է ներկա գտնվեն Մեծ Հայքի պատմական բոլոր 15 գավառների ներկայացուցիչները. «Խոսքը ոչ միայն Արևելյան Հայաստանի մասին է, որը (ի թիվս այլ տարածքների) ներառում է Արցախ և Ուտիք գավառները, այլ նաև Արևմտյան Հայաստանի, որի ժառանգները Ցեղասպանության հետևանքով ստիպված են եղել լքել հայրենիքը»։

Հայաստանի խորհրդարանը, որտեղ ընտրելու իրավունք արցախցիները չունեն, չունի Հայկական հարցի մաս կազմող Արցախի հարցը լուծելու իրավունք և ժողովրդի մանդատ, շեշտել է Ծատուրյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում գործադիր իշխանությունը պարտավոր է տարեկան զեկույց տալ Համահայկական ժողովին, որի կազմում կլինեն Հայաստանի, Արցախի և ողջ Սփյուռքի ներկայացուցիչները հավասարության սկզբունքներով: «Հայաստանում գործադիր իշխանությունը նաև պարտավոր է համաձայնեցնել և հաստատել ազգաշինության ծրագրերը Աշխարհաժողովի հետ։ ժամանակին զավթիչները ոչնչացրել են հայկական Աշխարհաժողովները, հիմա ժամանակն է, որ հայերն իրենց ճակատագիրը վերցնեն իրենց ձեռքը, և դրա համար առաջին բանը, որ պետք է անել, այդ հավաքները վերակենդանացնելն է, և որոնք կօգնեն հայերին ձեռք բերել ազատություն և իրական ժողովրդավարություն»,- ասել է Ծատուրյանը։

Աշխարհաժողովը եղել է Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական մարմինը։ Այն ներառել է երկրի բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Աշխարհաժողովն իրավունք է ունեցել պատերազմ հայտարարել, երկրի անարժան աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին պաշտոնանկ անել, կաթողիկոսի ընտրություն կազմակերպել, օրենքներ ու կանոններ սահմանել։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular