ՔՊ-ում իրար են մեղադրում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. Որքան էլ թաքցնեն` դիմադրության չմարող շարժումից իշխանականները նյարդային վիճակում են հայտնվել: «Քաղպայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության մեր աղբյուրներն ասում են, որ շարքերում ակտիվ ներքին քննարկումներ են սկսվել: Քիչ թե շատ ադեկվատների կամ իրավիճակը սթափ գնահատողների կարծիքով, փողոցային շարժման չմարելու պատճառներից մեկն էլ, եթե ոչ գլխավորը, իրենցից շատերի սադրիչ հայտարարություններն են։
Օրինակ, իշխանական լրատվամիջոցներից բացի, որոշ պատգամավորներ բողոքի ակցիաների առաջին իսկ օրից իրենց ամենօրյա պարտականությունն են համարում Ֆրանսիայի հրապարակում մարդկանց հաշվելու աշխատանքը, բայց հաշվում են դանիելիոաննիսյանաբար ու սկսում են հեգնել «սակավամարդ» ցույցերը` մոռանալով, որ իրենք սակավամարդ միտինգների ռեկորդսմեն են, եւ տարիներ շարունակ Նիկոլը 50-100 հոգանոց ակցիաներ է արել, իսկ քարոզարշավի ժամանակ էլ ավտոտնակների տանիքներն էր բարձրանում, որովհետեւ հայտարարված հանրահավաքներին մարդ չէր գնում` զրուցում էին պատշգամբներից նայող մարդկանց հետ։
Իսկ ՔՊ-ական «հարձակվողների» գրառումներից ու հայտարարություններից էլ տպավորություն է ստեղծվում, թե ամեն օր փողոց դուրս եկող հազարավոր քաղաքացիները կա՛մ խուլիգաններ են ու նարկոմաններ, կա՛մ` նախկին թալանչիներ, կա՛մ էլ վերջիններիս կողմից փողով ցույցի եկած քաղաքացիներ, այլ ոչ թե Արցախի ու Հայաստանի ապագայով մտագոհ մարդիկ։
«Մի կողմ թողնենք, որ այս ջահելները մոռացել են 2018-ը, երբ Գյումրիից հասանք Երեւան, ընդամենը 2-3 հազար մարդ հավաքվեց Օպերայում, բայց երբ որ նրանք ասում են, թե Ֆրանսիայի հրապարակում նարկոմաններ են, ակամայից էն մարդուն, ով գիտի, որ իր հարեւանն ինտելիգենտ տղա է ու ամեն օր մասնակցում է շարժմանը, ինքն էլ է սկսում գնալ՝ իշխանությունների ցինիզմը պատժելու համար»,- ասաց սթափ ՔՊ-ականը։
Հատկապես անցած շաբաթվա ընթացքում իշխանությունները հույս են ունեցել, որ շարժումն առաջիկա օրերին կմարի: Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ, եթե ոչ հրահանգով, լծվեցին ընդդիմադիրներին սեւացնելու գործին, դրան զուգահեռ՝ քրեական գործեր կարվեցին ընդդիմադիր ակտիվիստների վրա, եղան ձերբակալություններ՝ հույս ունենալով վախեցնել կազմակերպիչներին։ Եղանակն էլ մյուս կողմից էր իր սեւ գործն անում: Եվ տպավորություն էր, թե անցած ուրբաթ-շաբաթ օրերին շարժումն արդեն մարել է ու այլեւս վերելք չի ապրի:
Սակայն կիրակի օրվա բազմամարդ երթը, որոշ տեղեկություններով, տհաճ անակնկալ է եղել իշխանականների համար։ Պատահական չէ, որ երեկ ոստիկանության աշխատակիցները, հատկապես կարմիր ու սեւ բերետավորներն ավելի մարտական էին տրամադրված ակցիաների մասնակիցների նկատմամբ եւ զանգվածաբար բերման էին ենթարկում ավտոերթի մասնակիցներին, չնայած ընդդիմադիրներն առաջին օրը չէ, որ ավտոերթով քաղաքական ակցիա են անում: Անցած օրերին դա, փաստորեն, օրինական ակցիա էր, այժմ արդեն անօրինական է։
Մեր աղբյուրը խոստովանեց, որ դեռ անցած շաբաթ են Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել միանգամից եւ կոշտ միջոցներով՝ ջրցան կիրառելով, ուժ գործադրելով՝ «մաքրել» Ֆրանսիայի հրապարակը, սակայն Փաշինյանը հորդորել է պահպանել հանգստություն՝ ասելով, որ ոստիկաններն իրենց գործը լավ գիտեն եւ հարկ եղած դեպքում նոր հրահանգներ կստանան։ Նա շատ լավ է հասկանում բռնության արդյունքում ծագող դժգոհության վտանգավորությունը, որը կարող է սրբել-տանել իր առջեւ կանգնած ամեն ինչ:
Մի բան փաստ է, որ ընդդիմությունը կաթվածահար է արել իշխանականների հանգիստ կյանքը, նրանք զրկվել են հանրային վայրեր այցելելու, փողոցում ազատ շրջելու տարրական հաճույքներից, անգամ ՔՊ համաժողովն են անորոշ ժամանակով հետաձգել, որը նշանակված էր մայիսի 29-ին։ ՔՊ-ում չեն բացառում, որ ստեղծված իրավիճակը կարող է տանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որը որպես փրկօղակ կարող է կիրառել Փաշինյանը` 2021-ի օրինակով: Իսկ եթե գնում են արտահերթի, այդ դեպքում աշխատանքների կազմակերպման տեսանկյունից ճիշտը ՔՊ-ի փորձառու վարչություն ունենալն է։
Ինչ վերաբերում է դիմադրության շարժմանը, ապա այստեղ էլ չարդարացված հաղթական տրամադրություններ են տիրում` շարժման ակտիվիստները կարծում են, որ չնայած աճի դանդաղ տեմպին, իրենց հաջողվել է ապատիայից հանել հանրությանը, ձեւավորել պայքարող նվիրյալների ակտիվ հանրույթ, որին հետաքրքիր չէ, թե ովքեր են հարթակից խոսում, ովքեր են առաջնորդում, ով է իշխանափոխությունից հետո իշխանության գալու։ Դրանք մարդիկ են, որոնք հասկանում են ներկայիս իշխանությունների կործանարար քաղաքականության հետեւանքները եւ սպասվող արհավիրքը, ու ամեն ինչ անելու են, որ այդ մարդիկ օր առաջ հեռանան։ Իսկ եթե կա պայքարող կայուն զանգված, ապա ֆորսմաժորի դեպքում հնարավոր է հասնել նաեւ կրիտիկական զանգվածի։
Կիրակնօրյա հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երեքշաբթի օրվանից շարժումը նոր թափ պետք է ստանա։ Ընդդիմադիրները մոտ հարյուր խումբ են ձեւավորելու, որոնցով որոշել են ավելի մեծ թվով փողոցներ փակել, շրջափակել պետական հիմնարկները եւ այս ամենն անել աշխատանքային օրվա մեկնարկին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լուսինե Շահվերդյան