ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը գնահատել է Հայաստանում անկայունության առաջացման հավանականությունը` կապված բողոքի ակցիաների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eurasia.expert-ը գրում է, որ Հայաստանում խաղաղության կարգավորման շուրջ Բաքվի և Երևանի միջև փոխգործակցության ակտիվացման ֆոնին ակտիվացել են ընդդիմության բողոքի ցույցերը։ Ցուցարարները պաշտոնական իշխանություններին անվանում են «դավաճաններ» և մեղադրում նրանց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը Ադրբեջանին և Թուրքիային «հանձնելու» մտադրության մեջ։

Երկրում պարբերաբար զանգվածային բողոքի ցույցեր են գործող իշխանության կուրսի դեմ։ Ընդդիմադիր «Դիմադրության շարժման» անդամների կարծիքով ամեն ինչ տանում է երկրի «թրքացմանը» և վտանգված է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Բացի քաղաքական և հասարակական գործիչներից, ակցիաներին միացել են 2020 թվականի պատերազմում զոհված զինծառայողների հարազատները։ Երկրի իշխանությունները հերքում են ընդդիմության մեղադրանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է ընդդիմախոսների հետ քննարկել Բաքվի հետ բանակցությունների մանրամասները, բայց վերջիններս հրաժարվում են հանդիպել։ Այն, ինչ կատարվում է, աննկատ չի մնացել Ռուսաստանում: Մոսկվան ընդգծել է, որ բողոքի ակցիաները հանրապետության ներքին գործն են, սակայն նշել է Հայաստանի որպես ինտեգրացիոն գործընկերոջ կարևոր դերը։ Հաշվի առնելով այն, որ սոցիալ-քաղաքական ապակայունացումները վտանգներ են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար` նրա ազգային շահերն ուղղված են բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը հետխորհրդային բոլոր երկրների հետ, նրանց ներքաղաքական կայունությանը և տնտեսական բարգավաճմանը։

Ի՞նչ է կանգնած հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցերի հետևում և ինչի՞ կարող են հանգեցնել դրանք: Այդ ամենը Eurasia.Expert-ին տված հարցազրույցում գնահատել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

- Ալեքսանդր Մաքսովիչ, ինչո՞վ է պայմանավորված մայիսյան բողոքի ակցիաները Հայաստանում։ Ինչո՞ւ են ցուցարարները պահանջում պետության ղեկավարի հրաժարականը, և ի՞նչ այլ պահանջներ կարելի է առանձնացնել։

-Չեմ կարծում, որ կոնկրետ պատճառներ կան։ Աստիճանաբար ստեղծվել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների խումբ, որը սկսել է գործողություններ, որոնք միավորել են ընդդիմությանը` ներկայիս քաղաքական էլիտայի դեմ պայքարելու կարգախոսներով։ Դա տեղի է ունեցել վաղ գարնանը, և դրա պատճառները Հայաստանի իշխանությունների և Ադրբեջանի միջև փոխգործակցության տարբեր ձևաչափերն են սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի հնարավոր տարբերակները: Այս ձևաչափերի շուրջ քննարկումները նախկինում էլ են եղել, բայց սովորաբար Հայաստանում գարնանն է բողոքի շարժումն ակտիվանում։ Փաստացի, առկա է կողմերի միջև քաղաքական ժխտողականություն։ Իշխանություններն ասում են, որ ընդդիմությունը հին, տապալված էլիտաների ներկայացուցիչներն են և չեն կարող մասնակցել Հայաստանի ժամանակակից քաղաքականությանը։ Ընդդիմությունն էլ ասում է, որ ընդհակառակը, նրանք, ովքեր հիմա իշխանություն են պատերազմում պարտվածներն են։ Տարբեր փաստարկներ կան, բայց ամեն ինչ հանգում է նրան, որ նրանց մեղադրում են ապաշնորհության և դավաճանության մեջ, և ընդհանրապես, միայն այս իշխանության հեռանալը կարող է փրկել Հայաստանը ստեղծված ծանր իրավիճակում։

– Ինչպիսի՞ն է բողոքի մոբիլիզացիայի մակարդակը, կարելի՞ է այն համեմատել 2018 թվականի մայիսյան ցույցերի հետ։

- Ո՛չ, բացարձակապես ո՛չ: Իրավիճակն այնպիսին է, որ կան որոշակի թվով մարդիկ, ովքեր աջակցում են ընդդիմությանը և կտրուկ, արմատական կերպով չեն ճանաչում գործող իշխանություններին։ Եվ, ընդհակառակը, կա իշխանություններին սատարող մարդկանց մի խումբ։ Բայց երկուսն էլ փոքրամասնություն են։ Նրանց միջև ընկած է երկրի բնակչության մեծամասնությունը, որը ապատիա է ցուցաբերում այս բոլոր գործընթացների նկատմամբ, քանի որ որևէ փոփոխության հույս չունի։ Նա չի հավատում, որ ցույցերով ու հանրահավաքներով կարելի է արդյունքի հասնել, ուստի փողոց դուրս չի գալիս։

- Որքանո՞վ են ամուր գործող իշխանության դիրքերը, և ի՞նչ ռիսկեր են պարունակում նրա համար բողոքի զանգվածային ցույցերը։

- «Ամուր» բառն ամբողջությամբ տեղին չէ, իմ կարծիքով։ Մեր ներկայիս կոնֆիգուրացիան թույլ իշխանության և թույլ ընդդիմության կոնգլոմերացիա է։ Եվ քանի որ ընդդիմությունը չի կարողանում աճեցնել բողոքի ակցիաների մասշտաբները, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության, իշխանությունը մնում է։ Սա բավականին ավանդական իրավիճակ է Հայաստանի համար։

-Ո՞ր ընդդիմադիր ուժերը կարելի է համարել առանցքային, արդյո՞ք նրանք ունեն գործող իշխանություններին հեռացնելու իրական ներուժ։

- Ներուժը ցածր է, բայց, սկզբունքորեն, բողոքի ակտիվության աճը մի օր կարող է ինչ-որ բանի հանգեցնել, բայց այսօր նման հնարավորությունը քիչ հավանական է։

-Ինչո՞վ են տարբերվում ներկայիս իշխանությունների և ընդդիմության արտաքին քաղաքական ծրագրերը։ Որո՞նք են նրանց մոտեցումների ուժեղ և թույլ կողմերը:

-Արտաքին քաղաքական ծրագրերն այնքան էլ լավ չեն ձևավորված, և դժվար է քիչ թե շատ հստակ ասել, թե դրանք ինչ են։ Ներկայիս իշխանությունը հանդես է գալիս Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի առաջընթացի օգտին, ինչը նշանակում է ինչ-որ պայմանավորվածություն, կամ գոնե դրան նախապատրաստում, նաև փոխգործակցություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում։ Ընդդիմությունն ասում է, որ Հայաստանը պատրաստ չէ այդ ամենին։ Նրանց առաջարկածից շատ դժվար է բացահայտել ինչ-որ դրական ծրագիր, հիմնականում դա իշխանության դիրքորոշման ժխտում է։

– Արտահերթ ընտրությունների սցենարը հավանակա՞ն է։

- Ընդհանրապես, ամեն ինչ հնարավոր է, բայց հիմա չեմ կարծում, որ դա կլինի։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular