ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանում հյուպատոսության թեման կրկին բացելը որոշակի ուղերձ է թուրք-ադրբեջանական տանդեմին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա, այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար»,- ասել է նա:

Դեռ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի Արտաքին գործերի նախարարության առաջարկին, իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ իր հերթին տեղեկացրել էր, որ Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

Ի՞նչ ազդեցություն կունենա Կապանում Իրանի հյուպատոսությունը հայ-իրանական հարաբերությունների և, ընդհանրապես, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա, և ինչո՞ւ է հենց հիմա նորից շրջանառվում հյուպատոսություն ունենալու անհրաժեշտության թեման, 1or.am-ը փորձել է պարզել իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ զրույցում:

Վերջինիս խոսքով՝ տարածվող խոսակցությունները, շշուկները Զանգեզուրի միջանցքի և ընդհանրապես կնքվող համաձայնագրերի մասին հանգեցնում են նրան, որ ԻԻՀ-ում որոշակի անհանգստություններ են նկատվում այդ ուղղությամբ, որովհետև ոչինչ հստակ չէ.

«Ներկայումս շատ է խոսվում Զանգեզուրի միջանցքի բացման մասին՝ հենց թուրք-ադրբեջանական կողմից, և, բնականաբար, սա Իրանի Իսլամական Հանրապետության շահերին դեմ է: Կարծում եմ՝  ավելորդ է նշել, որ մեր շահերին նույնպես դեմ է: Այս քայլով Իրանը ցույց է տալիս, որ ունի իր հստակ դիրքորոշումը, կարծիքը:

Դա նշել է նաև Իրանի դեսպանն իր խոսքում, երբ մեկ անգամ ևս հաստատել է, որ իրենց համար կարևոր է տարածաշրջանի երկրների և մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, և իրենք չեն հանդուրժի որևէ ոտնձգություն՝ ցանկացած կողմից, ցանկացած պետության նկատմամբ: Եվ այս ընթացքում նմանատիպ հայտարարություններ անելը, Կապանում հյուպատոսության թեման կրկին բացելը որոշակի ուղերձներ են թուրք-ադրբեջանական տանդեմին»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Իրանագետի խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունների համար սա լավ ազդակ է, դրանց թարմացում և մի փոքր ավելի խորացում, որովհետև հյուպատոսության բացումը նշանակում է ևս մեկ քայլ առաջ.

«Ես կարծում եմ՝ մենք կարող ենք Կապանում հյուպատոսության բացմանն ի պատասխան հայտ ներկայացնել՝ Թավրիզում հյուպատոսություն ունենալու: Թավրիզը մեզ համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոն է, որտեղով տեղի է ունենում Իրանի և Հայաստանի ցամաքային կապը: Այնտեղ ունենալով հյուպատոսություն՝ մենք կկարողանանք ավելի ապահովել այդ կապը:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ այդ հատվածում կան պանթյուրքիստական հոսանքներ, որոնք վերջին շրջանում ակտիվացել են: Իրանական մամուլում տարբեր տեսակի լուրեր են շրջանառվում այդ կապակցությամբ, ֆուտբոլի խաղեր են տեղի ունենում և դրանց ընթացքում՝ տարբեր տեսակի պանթյուրքիստական հայտարարություններ: Այնտեղ ունենալով հյուպատոսարան՝ մենք կկարողանանք նաև այս որոշակի գործողություններ կատարել, ուղերձներ հղել նրանց»:

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular