ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համատարած ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյանը ցրտաշունչ փետրվար է կանխատեսում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի հիդրոմետ ծառայության կանխատեսումներով առաջիկա երեք օրերի ընթացքում հանրապետությունում կթափվի նորմայի 1,5-2 անգամ շատ տեղում։ Առաջիկա օրերի կանխատեսումներին անդրադառնալով այս մասին ասաց Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Միջերկրական ծովի շրջաններից վերջապես մեր երկրի տարածքին մոտենում է բավականին հզոր ցիկլոն։ Այսօր առավոտյան արդեն ցիկլոնի ազդեցությունը զգացվում է մեր երկրում։ Ոչ թե տեղումներով է զգացվում, այլ հենց ջերմաստիճանի բարձրացմամբ, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել։

Ներկա պահին հանրապետության բոլոր շրջաններում, բացառությամբ Երևանի և Արարատյան դաշտի, օդի ջերմաստիճանը երեկվա նույն ժամի հետ համեմատած մոտ 10-15 աստիճանով բարձրացել է։ Ուժեղ տաք օդի ներհոսք կա Հայաստանում»,- նշեց Սուրենյանը։

Նրա պնդմամբ՝ այնքան ակտիվ է տաք հոսանքը, որ Իջևանի և Գորիսի հատվածում գիշերը բացասական աստիճան չի եղել՝ +4-+5 աստիճան։ Այսօր կեսօրից հետո հանրապետությունը կզգա միջերկրածովյան ցիկլոնի տաք հոսանքները։

Կեսօրից հետո շրջանների զգալի մասում՝ մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Վայոց Ձորում ու Երևանում, որը կշարունակվի նաև հունվարի 26-ին։

«Այսօր և վաղը տեղումների ինտենսիվությունը կլինի թույլ և միջին ինտենսիվության։ Հունվարի 26-ի գիշերը մոտենում է ցիկլոնի կենտրոնը։ Հունվարի 27-28-ին հանրապետությունը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ներքո։ Բոլոր շրջաններում համատարած ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն, լեռնային շրջաններում ձյունը կուղեկցվի բքով, մինչև 15-20 մ/վրկ արագությամբ քամու ուժգնացմամբ և ցածր հորիզոնական տեսանելիությամբ։

Ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ 29-ի գիշերը ձյան տեղումները կպահպանվեն, իսկ առավոտյան ժամերին ցիկլոնը կսկսի կորցնել իր ուժը և տեղումների ինտենսիվությունը կփոքրանա։ Հունվարի 30-ին ընդհանրապես այն դուրս կգա մեր հանրապետության տարածքից»,- նշեց Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ փետրվար ամսվա համար ամբողջությամբ պատրաստ չէ կանխատեսումը, բայց առաջին տասնօրյակում կտրուկ բարձրացումներ պետք չէ ակնկալել։ Հունվարի 29-ից ձյան տեղումների շնորհիվ և ցիկլոնի անցումից հետո, մառախուղը կցրվի և դուրս կգա Արարատյան դաշտի տարածքից, բայց ամպամածությունը կլինի։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular