ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհուրդ կտամ, որ իշխանությունները պատկերացում կազմեն Վերաքննիչ հանձնաժողովի դերի և առաքելության մասին. Ռոբերտ Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին՝ կապված ընդունվող օրենքի և դրան հաջորդող գործողությունների հետ և կասկածի տակ է դրել նախագծում Արփինե Հովհաննիսյանի առաջարկը՝ Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ լրացումներ կատարելու առումով: 

«Ես իրավաբանական կրթություն չունեմ, բայց տրամաբանությունը հուշում է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև որևէ անձի պաշտոնանկությունից հետո, և հենց այդ անձի գործունեության հետ կապված կարող են լինել հարցեր»,- գրում է պատգամավորը:

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ Վարդանյանի դիտարկումն առնվազն զավեշտալի է, որովհետև այստեղ վիճահարույց որևէ բան չի կարող լինել.

«Նախ, խորհուրդ կտամ, որ իշխանությունները պատկերացում կազմեն Վերաքննիչ հանձնաժողովի դերի և առաքելության մասին: Քննիչ հանձնաժողովի գաղափարի ինստիտուտը փոխառված է Գերմանիայի սահմանադրական իրավունքից, և եթե բացենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրությունը, այնտեղ հստակ սահմանվում է, որ հանձնաժողով կազմելու իրավասությունը պատկանում է բացառապես ընդդիմությանը՝ որպես փոքրամասնություն: Ինչ վերաբերում է Արփի Հովհաննիսյանի առաջարկած փոփոխությանը, որն արդեն գործող օրենք է և մասնագիտությամբ ոչ իրավաբան պատգամավորի կողմից նյուտոնյան բացահայտումներին, պետք է ասեմ, որ կարգավորումը ինքնին սահմանադրական և օրինական է, որովհետև քննիչ հանձնաժողովը երբ ստեղծվում է, դրանում համապատասխան բացատրություններ տալու ուղիղ պարտավորություն ունի բացառապես պետական պաշտոնատար անձը:

Քննիչ հանձնաժողովում հիմնականում այս կամ այն երևույթի նկատմամբ քննության առարկա են հանդիսանում նաև փաստաթղթավորված դեպքերը: Եվ երբ անձն արդեն ազատվում է պաշտոնից, ինքը չունի որևէ պարտավորություն՝ նախկինում իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ինչ-որ դեպքերի վերաբերյալ Քննիչ հանձնաժողովին բացատրություն տալու, և այդ պարտավորությունը կունենա, եթե հարուցված լինի քրեական գործ և որևէ քրեական գործով ունենա կարգավիճակ: Քննիչ հանձնաժողովը խորհրդարանական մարմին է, որը զուտ այս կամ այն աղմկահարույց կամ հանրային հնչեղություն ունեցող դեպքի վերաբերյալ պիտի անի որոշակի ուսումնասիրություններ և բացահայտումներ: Իսկ եթե ընդունենք, դիցուք, Պաշտպանության նախարարության իքս անձը պաշտոնից ազատվել է, և Քննիչ հանձնաժողովում քննության առարկա է դառնում ՊՆ-ի գործունեության հետ առնչվող այն կամ այն եղելությունը, այդ դեպքում գործող Պաշտպանության նախարարը կարող է ներկայանալ Քննիչ հանձնաժողով, ներկայացնել նախորդ նախարարի ժամանակ ընդունված փաստաթղթեր, որոնք կարող են դառնալ հանձնաժողովի քննության առարկա»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց իրավաբանը:

Հայրապետյանի խոսքով՝ Վարդանյանը փորձում է մթության մեջ սև կատու գտնել, մանիպուլացնել՝ հարցնելով, թե նախկին պատգամավորները ինչ մոտիվներով են նման փոփոխություն կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում.

«Նախորդ իշխանությունները որևէ նպատակ չեն հետապնդել, և փորձն էլ ցույց է տալիս, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով ստեղծված Քննիչ հանձնաժողովի ժամանակ և՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, և՛ Պաշտպանության նախարարները, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետերը, հանգիստ ներկայացել են հանձնաժողով և տվել լիարժեք պատասխաններ: Այնպես որ, չեմ կարծում, թե որևէ պաշտոնյայի հրավիրելու դեպքում կստեղծվի այդ օրենքի կարգավորման որևէ խոչընդոտ՝ ճշմարտությունը բացահայտելու համար, թող իշխանությունը ցանկանա բացահայտումներ անել, ասենք, 44-օրյա պատերազմի ժամանակ այս կամ այն հանցագործությունների վերաբերյալ, և թող օրենքի դրույթը լինի հիմնական խոչընդոտը: Այս ամենը զավեշտի է վերածվում, որովհետև ամբողջությամբ ոտնատակ է տրվում Քննիչ հանձնաժողովի էության և բնույթի մասին սահմանադրական կարգավորումը, ինչը բացարձակ ցինիզմ է և անգործություն, որը պատգամավորները փորձում են լցնել ինչ-որ արհեստական ինտրիգներով»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular