Ամերիկացիները կորցրել են հետաքրքրությունն Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ. The Hill
ՄԻՋԱԶԳԱՅԻՆThe Hill թերթի սյունակագիր Ուիլյամ Մոլոնին ասել է, որ ամերիկացիները կորցրել են հետաքրքրությունը ուկրաինական իրադարձությունների նկատմամբ և գնալով ավելի քիչ են աջակցում դրանցում ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությանը։
«Արտաքին պատերազմները սովորաբար ամենաշատ աջակցությունն են ունենում հենց սկզբում, հատկապես, եթե դրանք ներկայացվում են ամերիկյան հանրությանը միանշանակ բարոյական դատողություններով, բայց եթե դրանք բավական արագ չեն ավարտվում ողջամիտ գնով ձեռք բերված վճռական հաղթանակով, հասարակական աջակցությունը և քաղաքական կոնսենսուսը թուլանում են, երբեմն` արագ»,- ասել է նա։
Հրատարակությունը մեջբերում է Associated Press-ի և Չիկագոյի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների տվյալները։ Այսպես, մարտին ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կողմ է արտահայտվել, որ Ամերիկան էական դեր խաղա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Մայիսի կեսերին այդ ցուցանիշն իջել է մինչև 45 տոկոս, և նույնն է եղել այն ամերիկացիների թիվը, ովքեր աջակցում են նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը:
Մոլունին նշել է, որ ավելի ու ավելի շատ քաղաքացիներ թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինայում Վաշինգտոնի նպատակներին։ Բացի այդ, ըստ նրա, բնակչությունը կորցրել է հավատը, որ ջախջախիչ պատժամիջոցները «ի զորու են ծնկի բերել Ռուսաստանին»։ Գնալով ավելի շատ մարդիկ են հավատում, որ սահմանափակումներն առաջին հերթին թուլացնում են արևմտյան երկրների տնտեսությունները։