ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի «կիսատ թողած» գործը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է ամեն գնով առաջ մղել այն ծրագրերը, որոնք մինչ հեղափոխությունը իրենց իսկ ընդդիմադիրների կողմից բուռն քննադատության են ենթարկվել: Ընդ որում, այդ ծրագրերը, որոնք այսօր Փաշինյանը փորձում է ներկայացնել իբրև իր քաղաքական թիմի մտահղացում և ձեռքբերում՝, առաջարկվել են դեռևս նախկին վարչապետերի կողմից  և հանդիսանում են նրանց նոու-հաուները:

Դիցուք՝ կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել Ներքին գործերի նախարարություն, այդպիսով՝ ամբողջությամբ կփոփոխվի ոստիկանության համակարգը: Նախատեսվում է ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Ներքին գործերի նախարարություն ստեղծելը տարիներ շարունակ եղել է օրվա իշխանությունների օրակարգում, սակայն այս նախագիծն իրականացմանը առավել մոտ էր Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին: Մասնավորապես, 2014 թվականին Ջերմուկում ունեցած ելույթում Աբրահամյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց իր այդ մտադրության մասին: Անակնկալ՝ նույնիսկ ոստիկանության համար: Այն ժամանակ ոստիկանապետը բավական սուր կերպով ընդդիմացավ Աբրահամյանի այս նոու-հաուին, այն պարզ պատճառով, որ ՆԳՆ ստեղծման դեպքում այն դուրս էր բերվելու նախագահի անմիջական վերահսկողության տիրույթից, իսկ ընտրություններից հետո էլ կառույցը դառնալու էր քաղաքական կուսակցությունների սակարկման առարկա՝ այդ պրոցեսի մեջ ներքաշելով ոստիկանությանը:

Հաջորդ ծրագիրը, որը մերժվում էր ընդդիմադիր Փաշինյանի կողմից, սակայն իրականացվեց հեղափոխությունից հետո, դա Հովիկ Աբրահամյանի կառավարման ընթացքում առաջ քաշված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն էր, երբ ընդդիմության պրեսինգի տակ ծրագիրը առկախվեց և հետաձգվեց, սակայն հեղափոխությունից հետո այդ բաղադրիչը քննադատած անձինք այն կյանքի կոչեցին

Հովիկ Աբրահամյանի մյուս նոու-հաուն համայնքների խոշորացման ծրագիրն էր, որը բուռն քննադատության էր արժանացել այն ժամանակվա ընդդիմության կողմից: Այսօր Փաշինյանի կառավարությունը ոչ միայն յուրացրել և իրականացնում է այդ ծրագիրը, այլ նաև գերակատարել է 13 համայնք խոշորացնելով 3-ի մեջ:

Սակայն, Փաշինյանն ու թիմը չեն սահմանափակվել միայն Հովիկ Աբրահամյանի ծրագրերը շարունակելով և յուրացնելով: Կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` Ամանօրի հանգստյան օրերն էականորեն կկրճատվեն, յոթ օրվա փոխարեն հպարտ քաղաքացիներն այսուհետև կհանգստանան միայն ամսի 1-ին և 6-ին: Սակայն, այս որոշման իրական կնքահայրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով դեռևս 2017 թվականին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած՝ արդյո՞ք շատ չեք հանգստանում հռետորական հարցով սկիզբ դրեց հանրային քննարկմանը և առաջարկեց զգալիորեն կրճատել Ամանօրի հանգստյան օրերը:

Գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծելու գաղափարը նույնպես պատկանում էր վարչապետ Կարեն Կարապետյանին, այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը քննադատության ենթարկեց տվյալ ծրագիրը, իսկ այսօր արդեն ինքն է առաջ մղում և խորհուրդ տալիս գյուղացիներին միավորվել կոոպերատիվների մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular