ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարմիր» միջանցք. հազարավոր բեռնատարներ Վրաստանից չեն կարողանում անցնել Ռուսաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Fruit-inform.com-ը գրում է, որ հազարավոր բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի միջազգային ավտոմոբիլային անցակետում: Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Լոգիստիկ խոշոր ընկերություններից մեկը նշել է, որ մինչև 3000 բեռնատարներ են սպասում Ռուսաստան մուտք գործելուն։ Ապրանքներ են բերվում Վրաստանից, Թուրքիայից, Հայաստանից։ Փոխադրողների կորուստները պարապուրդի պատճառով գնահատվում են միջինը 600-700 եվրո օրական մեկ ծանր բեռնատարի համար: Իրավիճակը չի բարելավվում, ընդհակառակը, սկսվել է թարմ պտուղ-բանջարեղենի բերքահավաքը, որը գնալու է Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Բեռնատարների խմբերում խորհուրդ է տրվում աչքի տակ ունենալ առնվազն 3 շաբաթ:

Վերին Լարսը Ռուսաստանի և Եվրոպայի հետ Վրաստանի, Հայաստանի և Պարսից ծոցի երկրների հետ կապող միակ ցամաքային սահմանակետն է։ Այն գտնվում է Վրաստանի Ռազմավիրական մայրուղու վրա՝ Վլադիկավկազից 35 կմ հեռավորության վրա։

Ռուսաստանում FM Logistic ընկերության միջազգային փոխադրումների և գնումների բաժնի ղեկավար Եվգենի Դյատլովը հայտնել է, որ Վերին Լարսի անցակետում մեքենաների գերբեռնվածության խնդիրը նկատվում է արդեն մի քանի ամիս։ Նրա խոսքով բեռնատարների սպասման միջին ժամանակը հասնում է 30-40 օրվա։ Ապրիլին այդ անցումը մի քանի օրով փակվել էր հորդառատ անձրևների պատճառով։ Վերջին անգամ այն ​​արգելափակվել է մայիսի 6-8-ին։ Դրանից հետո ռուսական կողմից անցակետում 5000 ծանր բեռնատարների շարք էր գոյացել, հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչը։ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով Վերին Լարսի անցակետում օրական միջինը բաց է թողնվում մոտ 1800 ավտոմեքենա։

Բացի դա Ռուսաստանի կառավարությունը մայիսի 17-ից չեղարկել է մասնավոր ավտոմեքենաներով Վրաստան մեկնելու սահմանափակումները։ Դրա պատճառով էլ ավելի է ավելացել ավտոմեքենաների հոսքը անցակետում։

Եվրամիության (ԵՄ) կողմից պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ընդունումից հետո, որը թույլ չի տալիս ռուսական և բելառուսական մեքենաներին մուտք գործել ԵՄ տարածք, գրանցվել է բեռնափոխադրումների շրջադարձ հյուսիս-արևմուտքից հարավ և արևելք: Սակայն ապրանքների վերահասցեավորմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, ներառյալ ենթակառուցվածքների բացակայությունը և՛ արևելյան, և՛ հարավային ուղղություններով, ինչպես նաև առկա է սահմանային անցակետերի հզորացման անհրաժեշտություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular