ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոլարի փոխարժեքի նվազումը լուրջ վայրիվերումներ է առաջացրել Հայաստանում․ ո՞րն է պատճառը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դոլարի փոխարժեքի նվազումը լուրջ վայրիվերումներ է առաջացրել Հայաստանում․ շաբաթներ շարունակ փոխարժեքը լրջորեն նվազում է, իսկ հանրությունն այդպես էլ ողջամիտ բացատրություն չի լսում պատկան մարմիններից, թե ինչ է կատարվում ՀՀ դրամավարկային միջավայրում։ Շատերն էլ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից՝ խորհրդավորության շղարշ հաղորդելով կամ դավադրությունների տեսություններ հյուսելով արժութային ցնցումների շուրջ։ Պատճառն իրականում շատ պարզ է՝ 2022 թվականի ապրիլին ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են փոխանցել ռեկորդային ծավալի գումար՝ 358 մլն դոլար։

Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ վերջին առնվազն 20 տարվա ընթացքում ոչ մի ամիս այդ ծավալի տրանսֆերտներ դեպի Հայաստան չեն եղել։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում՝ հունվար-ապրիլին, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել մոտ 919 մլն ԱՄՆ դոլար։ 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 345 մլն դոլարով կամ 60%-ով։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 249 361 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2.9 անգամ։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ 44%-ն է Ռուսաստանի քաղաքացի։ Այդ անձինք իրենց հետ նաև զգալի քանակությամբ դոլար են բերում, ինչպես նաև բանկերից գումար կանխիկացնում արտարժույթով։ Հայաստանի տնտեսության մեջ նման կարճ ժամանակահատվածում անգամ 100 միլիոն դոլարի ներմուծումը կարող է եղանակ ստեղծել, իսկ ներկայումս ստեղծված իրավիճակն աննախադեպ է։

Ըստ տնտեսագետների՝ դոլարի էժանացման վրա ազդում են նաև բնակչության սպասումները, փոխարժեքի նվազմանը զուգահեռ շատերը շտապում են հիմա մանրել ունեցած խնայողությունները։ Կենտրոնական բանկը, իհարկե, կարող է կայունացնել դոլարի փոխարժեքը, սակայն դա հակառակ արդյունքը կտա։ Եթե կենտրոնական դրամատունը սկսի գնել դոլարը՝ շուկա մեծ քանակությամբ դրամ նետելով, շոշափելի գնաճ կհարուցի։ Այդ դեպքում էլ հանրությունը կսկսի դժգոհել առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճից։

Իհարկե, ստեղծված իրավիճակում կառավարությունը կարևոր անելիքներ ունի, որոնք պարզապես չի կատարում։ Նախ, հանրությանը ողջամիտ բացատրություն չի տալիս կատարվողի մասին, նաև համապատասխան միջոցներ չի ձեռնարկում, որ շրջանառվող դրամն ու դոլարը խնդիր չդառնան հայաստանյան տնտեսության համար։ Այս պահին օրախնդիր է գործադիրի և մասնավոր հատվածի արագ ադապտացումը իրավիճակին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, համապատասխան ֆոնդեր ստեղծեն, թե՛ տնտեսությունը կայունացնելու, թե՛ գների աճ թույլ չտալու համար։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular