ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի այցը նաև սիմվոլիկ է նրանով, որ նա Թուրքիայից է գալիս Երևան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում է: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն ընթացքի մեջ է, հանդիպումներ նախատեսված են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

1or.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչ ակնկալիքներ կարող են ունենալ այս այցից, և ի՞նչ հարցեր կարող են քննարկվել հանդիպումների ժամանակ.

«Ես կարծում եմ, որ այցը հասկանալի բնույթ ունի և մի քանի բաղադրիչից է բաղկացած։ Բացի հայ-ռուսական հարաբերություններից և ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներից, Լավրովի այցը նաև սիմվոլիկ է նրանով, որ նա Թուրքիայից է գալիս Երևան։ Կարծում եմ, որ Լավրովը խրախուսելու է, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվի։ Բոլորս գիտենք, որ, փաստացի, այս հարցում Թուրքիան և Ռուսաստանը կողմ են, որ 3+3 բանաձևը աշխատի, և ես կարծում եմ, որ հենց այդ քաղաքական մոտիվն էլ կարևոր է, որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակաշրջանում տարածաշրջանում նոր լարվածություն չբռնկվի, սա է խնդիրը։

Ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից սահմանազատման և սահմանագծման պրոցեսն անխուսափելի է, բայց այստեղ կարևոր է, որ հայկական կողմը շտապողականություն չցուցաբերի, և պրոցեսը հանգիստ ընթանա, և որ ամենակարևորն է այս պրոցեսը չխանգարի Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակին։ Այս երկու խնդիրները պետք է տարանջատել, և հայկական կողմը պետք է այս երկու սկզբունքը պահպանի։ Հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իշխանության որակը՝ ես խիստ կասկածում եմ, որ հայկական կողմը այդպիսի ունակություն ունի»։

Մեր հարցին՝ արդյոք Լավրովի այցը որևէ կերպ կարո՞ղ է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն ակնհայտորեն համակրում է մեր ընդդիմությանը և արդեն իսկ փորձեր արել է դեսպանի մակարդակով ներքաղաքական պրոցեսներին խառնվելու, քաղաքագետը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ակնհայտորեն համակրում է ընդդիմությանը։ Ռուսաստանում այսօր կան մի քանի կենտրոններ, տարբեր կենտրոններ ունեն տարբեր ուղղվածություններ, և սա ակնհայտ է։ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք աջակցում են իշխանությանը, ուրիշները՝ ընդդիմությանը: Այդ շրջանակների մեջ էլ է Ռուսաստանում ընթանում պայքար, մենք բոլորս տեսնում ենք, թե այդ պայքարն ինչպես է ընթանում, հատկապես Ուկրաինայի հետ պատերազմի և ապագայի վերաբերյալ՝ Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում։ Այդ իմաստով միանշանակորեն պնդել, որ կոնսոլիդացված Ռուսաստանը ինչ-որ կողմին է պաշտպանում Հայաստանում՝ կարծում եմ սխալ է»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular