ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Ավանեսյանի գրառմանը չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ. Քրիստինե Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Ասպրամ Կրպեյանը և Քրիստինե Վարդանյանը գնացել էին Առողջապահության նախրարություն՝ նախարար Անահիտ Ավանեսյանին ասելու, որ «ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 1or.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իրենց ակցիայի մանրամասներին, նշեց.

«Մեր ակցիայի տրամաբանությունը, իմաստը մեկն էր. մենք տարել էինք հետպատերազմյան Հայաստանի ամենասարսափելի պատկերը: Մենք երեք պատերազմ ենք ունեցել, բազմաթիվ կամավորներ, ովքեր մասնակցել են այդ պատերազմներին՝ առանց ոչ մի պահանջի, այն հույսով, որ եթե իրենց հետ որևէ բան պատահի, հայրենիքը, պետությունն իրենց գոնե պատվով հողին կհանձնեն: Այդ պատկերը պետության ողնաշարը կոտրում են, ու դրա համար որևէ մեկը որևէ ձևով պատասխանատվություն չի կրել, իրենց սովորության համար ամեն ինչ լղոզել ու մոռացության են տվել:

Իսկ երբ հունիսի 3-ին անհամաչափ ուժ կիրառվեց մարդկանց նկատմամբ, կային տասնյակ վիրավորներ, երբ լուսաձայնային նռնակը, որը պետք է օդում պայթեր, ընկավ ցուցարարներից մեկի գլխին, և նա հրաշքով ողջ մնաց, երբ դեռ հիվանդանոցում բուժվող մարդիկ կան, Առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնող տիկինը ոչ միայն որևէ սրտակցություն չի դրսևորում, այլ նաև հայտարարում է, որ «հոգին փառավորվում է ոստիականության վարքից»: Այդպիսի բանը չի կարող զայրույթ չառաջացնել, և երեկվա ակցիան հենց այդ զայրույթի դրսևորումն էր՝ հիշեցնելու նրան, թե ով է ինքը, ինչի համար է պատասխանատու: Մինչև երեկ քանի՞ մարդ էր հիշում այդ նկարների գոյության մասին, իրենք ամեն ինչ անում են, որ մենք մոռանանք: Մենք այդ նկարները տարել էինք իրեն փոխանցելու, որ տեսնի, հիշի, որ իր աշխատողները, որոնք հետո պետք է հավաքեին այդ նկարները, տեսնեն՝ ինչի համար են իրենք պատասխանատու»:

Անդրադառնալով Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան պատասխան գրառմանը, որտեղ վերջինս պատգամավորներին «սանձարձակ» էր անվանել՝ Վարդանյանը նշեց.

«Երեկվանից քննարկումները շատ-շատ են, բայց կոնկրետ Անահիտ Ավանեսյանի գրառմանը չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ, որովհետև այս վիճակում գտնվող պետականության մեջ որևէ ձևով հակված չեմ իմ կամ մեկ այլ մարդու անձը պաշտպանելու: Ժամանակը, վստահ եմ, իր գնահատականը կտա բոլորին:

Մի բանի եմ ուզում անպայման անդրադառնալ. եթե մեր ակցիան զոհվածի, անհետ կորածի հարազատներից որևէ մեկին վիրավորել է, ներողություն եմ խնդրում: Ուզում եմ ասել՝ որևէ հետին միտք իրոք չի եղել, բայց մենք պետք է հասկանանք, որ սա անձնական խնդիր չէ, սա հանրային հնչեղություն ունեցող հարց է: Այս ակցիաները նրա համար են, որ գոնե կրկնությունից խուսափենք, իսկ դրա համար պետք է, որ մեղավորները պատասխանատվություն ստանձնեն արդեն կատարվածի համար»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular