ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձ է կատարվում Գլխավոր շտաբի՝ այսպես ասած հնարավոր անհնազանդությունը ճնշել. ռազմական փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում բանակում, որոնց արդյունքում գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին։ Գործադիրը երեկ ընդունեց նախագիծը։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքով՝ ՊՆ-ում պետք է հստակ լինի կառավարման բուրգը՝ հիերարխիկ համակարգ.

«Ընդհանրապես, ինքս կողմ եմ, որ Պաշտպանության նախարարությունում այդ ավանդական երկիշխանությունը վերանա։ Յուրօրինակ մի իրավիճակ ստեղծվեց մեր երկրում Սերժ Սարգսյանի կառավարման սկզբից, երբ պաշտպանության նախարար դառնում էր քաղաքացիական անձ՝ ըստ էության անհասկանալի լիազորություններով, իսկ բանակի հիմնական ֆունկցիան՝ կռվել, երկիրը պաշտպանել, մնում էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի վրա։ Այդ դեպքում իրոք անհասկանալի է, թե առհասարակ ինչի համար է պաշտպանության նախարարը։ Դա եվրոպական փորձն էր, որ վերցրեցին, բայց եվրոպական երկրները հեռանկարներում նույնիսկ պատերազմ չունեն, և այս մոտիվն իրենց դեպքում գուցե ինչ-ինչ արդարացված է։ Ինքս սա ճիշտ չեմ համարում և այս առումով, անկասկած, սա համարում եմ ճիշտ քայլ, վաղուց պետք է արվեր»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Փորձագետի խոսքով՝ ժամանակին, երբ Սեյրան Օհանյանը դարձավ քաղաքացիական պաշտպանության նախարար, նա երկար տարիների փորձ ունեցող կադրային զինվորական էր, և ընդամենը զինվորական հագուստը փոխեց կոստյումով, ըստ էության՝ ոչինչ չփոխվեց.

«Այդ ժամանակ կար հստակ բուրգ։ Բայց հետագայում, երբ եկան Վիգեն Սարգսյանը, Դավիթ Տոնոյանը՝ ոչ զինվորական մարդիկ, նախարարությունում սկսեցին խնդիրներ առաջանալ։ Հենց թեկուզ դրա վառ օրինակը մեր վերջին ողբերգական պատերազմն էր, որի ժամանակ որոշակի պատասխանատվությունից խուսափելու տենդենց գնաց, հիշենք Տոնոյանի հայտնի հարցազրույցը։

Ուղղակի այստեղ մի խնդիր կա. նախարարը պետք է լինի բանակին շատ մոտ կանգնած անձնավորություն, հակառակ պարագայում՝ մենք էլի խնդիր կունենանք, որովհետև, եթե նախարարին թողնում ենք ոչ զինվորական, քաղաքական պաշտոն, որում ցանկացած անձ կարող է նշանակվել, այս ժամանակ էլի խնդիր է առաջանալու, որովհետև առաջին տեղակալը լինելու է դասական զինվորական, նախարարը՝ ոչ զինվորական։ Իմ կարծիքով՝ պետք է ուղղակի նախարարն էլ լինի զինվորական, Գլխավոր շտաբի պետն էլ։ Ուղղակի նախարարին ներկայացվող պահանջները պետք է խստացվեն։ Նաև անկասկած է, որ սա ներքաղաքական ինչ-ինչ երանգ ունի, փորձ է կատարվում Գլխավոր շտաբի՝ այսպես ասած հնարավոր անհնազանդությունը ճնշել, բայց ինձ թվում է՝ դա մեծ հաշվով էական չէ, քանի որ, Աստված չանի, եթե նման անհնազանդություն լինի, մի պաշտոնը չի փոխելու ոչինչ»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular