ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ արհեստականություն կա, գնաճը կպահպանվի, որովհետև ձեռնտու է երկու կողմին էլ. Նաիրի Սարգսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գնաճը շարունակվում է աննախադեպ թափով: ՀՀ ԿԲ տվյալներով՝ 2021 թվականի 2-րդ եռամսյակից 2022 թվականի 1-ին եռամսյակն ընկած ժամանակահատվածում Հայաստանում պահպանվել է բարձր գնաճային միջավայր: 2022 թ. առաջին եռամսյակում ՀՀ մակրոտնտեսական միջավայրը և հատկապես գնաճային զարգացումները մեծապես կրել են փետրվարի վերջից սրված ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների և դրանցից ածանցված աննախադեպ մեծ անորոշությունների
ազդեցությունները:

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ խոսքով՝ արդեն մասնագետներն անգամ չեն կարողանում բացատրություն գտնել այս աննախադեպ գնաճի համար.

«Ոչ մի տրամաբանություն չկա արդեն: Թվում է՝ դրամի արժևորման ֆոնին ներկրվող ապրանքները պետք է գնանկման ենթարկվեն, բայց գնաճը շարունակվում է: Միայն որոշակի ենթադրություններ կարող ենք անել. այստեղ արդեն առաջարկով պայմանավորված գնաճի մասին խոսք լինել չի կարող, որովհետև դա ունի հիմք՝ բավականին երկար ամիսներ և առաջարկով պայմանավորված գնաճը պետք է հաստատ զսպվեր դրամի արժևորման ֆոնին, բայց դա տեղի չունեցավ: Եթե առանձին վերլուծություն կատարենք, օրինակ, դիզվառելիքի արժեքը դրամի արժևորման ֆոնին անընդհատ բարձրանում է, բայց հակառակ պրոցեսը պետք է տեղի ունենար, պետք է գնանկում գրանցվեր:

Երբ դիտարկում ենք գյուղատնտեսական ամենաակտիվ եղանակը, որ հիմա ամենաանհրաժեշտն է այդ վառելիքի ծախսի կատարումը, գալիս ենք շատ վատ հետևությունների. ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսությունը տապալեն: Սկզբում նախարարությունը փակեցին, այնուհետև որոշակի պրոյեկտներ կատարեցին՝ աչքին թոզ փչելու համար: Թվում էր, թե դրանք պետք է գյուղատնտեսությունը վերակենդանացնեն, բայց ավելի տապալեցին: Մյուս տեսանկյունից, քանի որ մենք իրականում էլ տնտեսություն չունենք, այն փլուզված է, որոշ արտասահմանցիների այցի ֆոնին գնաճը պետք է պահպանվի, որովհետև դա ձեռնտու է երկու կողմին էլ: Բիզնեսին ձեռնտու է գերշահույթի ապահովման տեսանկյունից, կառավարությանը՝ հարկերի հավաքագրման: Բնականաբար, ապրանքներն ինչքան բարձր արժեքով վաճառվեն, դրանից ավելի շատ հարկ կգեներացվի պետական բյուջե, իսկ իրենք շատ ծախսեր ունեն կատարելու, հատկապես մեքենաները պետք է թարմացնեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը: 

Տնտեսագետի համոզմամբ՝ մյուս կողմից, եթե նայում ենք նույն փոխարժեքի իրավիճակը, փոխարժեքն էլ չպետք է այսքան իջներ.

«Օրինակ ունենք կոնկրետ փորձեր. մարդիկ օրվա մեջ մի քանի անգամ մտնում են փոխանակման տարբեր կետեր, դոլար չեն տրամադրում, շատ բանկեր հրաժարվում են դոլար և եվրո տրամադրել, ասում են՝ համապատասխան փոխարժեքով կարող ենք դրամ տալ: Շատ լուրջ արհեստականություն կա, բայց ինֆորմացիան փակ է, և չենք կարողանում հասկանալ, թե ինչից է սա գալիս: Տարբերակ կա. որոշակի խմբերի ձեռնտու է այս իրավիճակը՝ մի կողմից, ինչպես նշեցի, հարկերի հավաքագրման համար, մյուս կողմից՝ էժան դոլարը հավաքագրելու, հետո թանկ վաճառելու, կա նաև արտաքին գործոնների ազդեցություն»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular