ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր հայ–ռուսական համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր ոլորտներ բացահայտելուն․ փոխվարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Մեծարգո Սերգեյ Պավելի,

Հարգելի ընկերներ,

Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ և Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Ռուսաստանյան պետության նորագույն պատմության մեջ այս տոնը նշանավորվում է կյանքի բոլոր ոլորտներում հիմնարար վերափոխումներով, որոնց հիմքում քաղաքացին է, իր շահերը և բարեկեցությունը, հպարտությունն իր երկրի հազարամյա պատմության համար, նրա ներկան և ապագան: Եվ այս դժվարին ճանապարհը Ռուսաստանն անցել է ինքնուրույն՝ հիմք դնելով սկզբունքայնորեն նոր պետական և հասարակական կարգի, հստակ մատնանշելով, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանը 21-րդ դարում:

Գործընկերներ,

Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, որոնք ամուր հիմք են ստեղծում, որի վրա կառուցվում են մեր երկրների միջպետական հարաբերությունները՝ դառնալով օրինակելի երկկողմ համագործակցության տեսանկյունից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության նորագույն պատմության մեջ նոր էջ բացեց, որի վրա մեծատառով գրված է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, որի 25-ամյակը մենք տոնում ենք այս տարի:

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցությամբ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ և սերտ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ կարևոր ոլորտներում երկկողմ հաջող գործընկերությամբ։

Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ընդլայնել դաշնակցային հարաբերությունները և այն հարստացնել նոր նախաձեռնություններով՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ ի շահ տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում անվտանգության և կայունության։

Սիրելի ընկերներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում եղբայրական Ռուսաստանին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular