ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունն անցնում է նոր մարտավարության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Դիմադրության շարժումն» այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է գումարելու։ Մեր տեղեկություններով այսօրվա հանրահավաքը փոքր-ինչ տարբերվում է նախորդներից։ Շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, ինչպես նրան անվանել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր հրապարակելու է ընդդիմության նոր մարտավարությունը։ Ընդդիմությունը հայտարարելու է, որ այս փուլում շարժումը կատարել է իր առաքելությունը, կարողացել է հանրությանը ներկայացնել իր մոտեցումները, կանխել է Հայաստանի դեմ որոշ լուրջ զարգացումներ և այժմ պետք է փոխի իր մարտավարությունը։
 
Ըստ էության, ընդդիմությունը մտադիր է Ֆրանսիայի հրապարակից իր ձեռքով հեռացնել վրանային ավանը, որը շուրջ մեկուկես ամիս տեղակայված էր Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում։ Այդուհանդերձ վրանային ավանի հանումը չի նշանակում, որ ընդդիմությունը իր ձեռքից բաց է թողնում Ֆրանսիայի հրապարակը, ընդհակառակը, հայտարարվելու է, որ պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվելու շաբաթը 2-3 անգամ, և դրանք լինելու են ոչ թե Ազատության կամ այլ հրապարակում, այլ հենց Ֆրանսիայի հրապարակում։ Ընդդիմության մարտավարության այս փոփոխությունը անհրաժեշտություն էր։
 
Ըստ էության, չկարողանալով հավաքել անհրաժեշտ կրիտիկական զանգված իշխանությունը վերցնելու համար, «Դիմադրության շարժումն» այսօր ինքը պետք է փոխվի և կարողանա հանրությանը լուրջ այլընտրանք ներկայացնել, այլապես կստացվի, որ շարժումը լավ բան անելու փոխարեն, ընդամենը խոչընդոտում է Հայաստանի քաղաքացիների տեղաշարժին Երևանի Փոքր կենտրոնում և տրանսպորտային անհարմարություններ ստեղծում։ Այդպիսի անհարմարությունների մասին, նշենք, շաբաթներ առաջ խոսել էր նույնիսկ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը փորձելով ծաղրել, թե իբր «Դիմադրության շարժման» գործունեությունը ոչնչով չի տարբերվում, օրինակ, Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումից։

Գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նույնպես սրտատրոփ սպասում է այսօր երեկոյան ներկայացվելիք ընդդիմության մարտավարությանը։ Իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ թեև հանրահավաքի մասնակիցների թիվը այնքան մեծ չէ այս փուլում իշխանություններին հեռացնելու համար, սակայն հանրային դժգոհությունները կուտակվել և ավելի են խորացել և, փաստացի, ինչ-որ պահի կարող են հանգեցնել լուրջ զարգացումների։ Այս իմաստով վերափոխվելու և սեփական գործունեությունը գնահատելու կարիք ունեն թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, այլապես լուրջ խնդիրներ են առաջանալու Հայաստանի համար։

Վարդան Սերոբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular