Ում ինչ-որ բաներ են խոստացել, միայն նրանք են դրական խոսում. Մարցում հանք բացելու համար հանրային լսում է նշանակված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ‹‹ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ն հանրային քննարկում է նախաձեռնել ՀՀ Լոռու մարզի Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ:
Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Թումանյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ վաղը՝ հունիսի 15-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում:
Մարցի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանի խոսքով՝ հանք բացելու վերաբերյալ ունեցած իրենց տեղեկությունները միայն համացանցում եղածն են.
«Մենք այդ ընկերության մասին էլ համացանցից ենք տեղեկացել: Մարդկանց տրամադրվածությունը տարբեր է, բայց հիմնականում բացասականն է գերակշռում: Ես կարծում եմ՝ ում ինչ-որ բաներ են խոստացել, միայն նրանք են դրական խոսում, փորձում ազդել մարդկանց վրա: Այդ հանքի մասին առաջ էլ խոսակցություններ կային, բայց այդպես էլ մնաց: Հիմա ինչ փուլում է ամեն ինչ, ինչ շարունակություն կունենա, չեմ կարող ասել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը:
Մարցում հանք բացելու վերաբերյալ լուրերին ի պատասխան՝ տեղի բնակիչները, ակտիվիստները հանրային լսումը տապալելու կոչերով են հանդես գալիս: Արշավական, ակտիվիստ Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկում է գնալ Մարց գյուղ՝ հանքահեններին գեղեցիկ կերպով ճանապարհելու.
«Մենք վաղը մի քանի ավտոմեքենայով ուղևորվելու ենք Մարց՝ մասնակցելու այդ քննարկմանը: Ենթադրում եմ, որ լսում ամեն դեպքում տեղի չի ունենալու, որովհետև համայնքի բնակիչների հետ բավականին երկար զրույցների արդյուքում հասկացել եմ, որ դեմ են հանքի շահագործմանը: Հիմնական շեշտը համայնքի վրա է. եթե համայնքը դեմ է, որ իր տարածքում հանք բացվի, մենք նրանց կողքին կանգնած ենք մինչև վերջ: Մենք գնում ենք այնտեղ՝ ասելու, որ հանք չի լինելու»
Մարիամ Նալբանդյան