ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունն անցնում է նոր մարտավարության․ իշխանության պլանը չի կատարվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դիմադրության» շարժումն այսօր ազատեց Ֆրանսիայի հրապարակը, հեռացրեց վրանները և այսուհետ գործելու է նոր մարտավարության համաձայն։ Այն, որ Ֆրանսիայի հրապարակն ազատվելու էր, իսկ ընդդիմությունը նոր մարտավարություն էր գործարկելու, պարզ էր արդեն բավական տևական ժամանակ։ Փաշինյանական իշխանությունն ինքն էլ հստակ գիտեր այս զարգացման մասին և այժմ փորձում է իրականացնել իր պլանի երկրորդ մասը. այն է՝ ստիպել խորհրդարանական ընդդիմությանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին թողնել փողոցային պայքարը և վերադառնալ խորհրդարան։

Խորհրդարան վերադառնալու դեպքում ընդդիմությունը լիակատար պարտություն կկրի առնվազն այս փուլում, և հենց դա է փաշինյանական իշխանության հիմնական նպատակը, այդ մասին էին այսօր միաբերան պնդում Ազգային ժողովում նրանց բոլոր խոսափողները, թե՛ Հայկ Կոնջորյանը, թե՛ Անդրանիկ Քոչարյանը և մյուսները։ Փաշինյանին հարկավոր է ամրագրել իր հաղթանակը, մինչդեռ միայն Ֆրանսիայի հրապարակը ազատելը որևէ կերպ չի նշանակում, որ նա հաղթանակ է տարել, ընդհակառակը, ընդդիմությունը կարող է այս պաուզան օգտագործել` ավելի կրեատիվ և բովանդակալից ակցիաներ անելով, իշխանությանը նյարդայնացնելով, ջլատելով և հյուծելով։

Ըստ էության, այդպես էլ լինելու է, քանի որ հենց այսօր օրինակ Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ հանպատրաստից երթ տեղի ունեցավ Վարդանյանների այգուց դեպի գլխավոր դատախազություն։ Իշխանությունը, իհարկե, փորձելու է շարունակել, հանրությանը ներարկելով, թե ընդդիմությունը պարտվել է, իսկ իրենք ամենազոր են։ Իրականում, սակայն, այդ հանրությունը նույնիսկ, եթե չկանգնեց էլ ընդդիմության կողքին, ապա այս իշխանության կողքին հատկապես չի կանգնելու և չի կանգնելու նաև այլ քաղաքական ուժերի, հատկապես նիկոլամերձ ընդդիմության կողքին, ովքեր փորձելու են իբր վերցնել ընդդիմության ջահը։ Իսկ ընդդիմությունն իսկապես, անելիք ունի, պետք է վերաիմաստավորի այս մեկուկես ամսվա կատարվածը, նոր մարտավարությամբ, նոր մշակումներով և հանրության հետ առնչվելու նոր մեթոդներով կարողանա ուշքի գալ, բարձրացնել ընդդիմադիր պայքարի նշաձողը, իշխանությանը վերջնականապես Հայաստանից դուրս մղելու համար, այլապես այլընտրանքը Հայաստանի պարտությունն ու ինքնիշխանության կորուստն է լինելու։

Ռուբեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular