ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը փոխո՞ւմ է վեկտորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Երևանում երկու ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, որոնք վկայում են, որ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշակիորեն փոփոխություններ են սկսել իրականացնել արտաքին քաղաքականության մեջ։ Նախ, Նիկոլ Փաշինյանն է ընդունել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին իր նստավայրում և իր ելույթում հատուկ քննադատության տարափ տեղացել այդ կառույցի ուղղությամբ։

Փաշինյանը մասնավորապես հիշեցրել է, որ երբ անցած տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը ներխուժել էր Հայաստանի տարածք, որից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, այդ կառույցը որևէ կերպ չէր արձագանքել։ Վարչապետը նաև անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցերին, նշել, թե ՀԱՊԿ որոշ գործընկերներ ասում են իբր այդ սահմանը լղոզված է և հնարավոր չէ հստակորեն արձանագրել, թե որ հատվածը պետք է տրվի Ադրբեջանին։

Ըստ Փաշինյանի՝ նման մեկնաբանությունները կարող են նվազեցնել ՀԱՊԿ արդյունավետությունը։ Երեկ նաև բավական ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ի վերջո Հայաստանի իշխանություններից առարկայական և քննադատական հայտարարություն է հնչել Ադրբեջանի նախագահի հասցեին, այն էլ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո։ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել և նշել, թե ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին՝ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը։ Հերքել է նաև Ալիևի մեկ այլ հայտարարություն, թե հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։

Ըստ էության, թե՛ ՀԱՊԿ-ին Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՛ Ալիևին Արարատ Միրզոյանի կողմից ատամ ցույց տալը վկայում է, որ արտաքին քաղաքական վեկտորում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, ընդ որում այդ ամենը արվում է եվրոպացի պաշտոնյաների Հայաստան այցից հետո։ Միգուցե՞ Փաշինյանը նոր երաշխիքներ է ստացել Եվրոպայից, կամ էլ հասկանում է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են լուրջ խնդիր դառնալ իր համար։ Ամեն դեպքում, չգիտենք, լա՞վ է այս փոփոխությունը, թե՞ վատ, սակայն այն, որ այդպիսի փոփոխությունը լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, կասկածից վեր է։ Հուսով ենք իշխանությունները և նրանց խորհրդատուները հաշվարկել են բոլոր այն հետևանքները, որը կարող է ունենալ Հայաստանը նման քայլերի հետևանքով։

Տիգրան Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular