ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահագն Խաչատուրյանի սենսացիոն հայտարարությունը Մոսկվայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը առնվազն երկու հայտարարություններ է արել՝ երկու դեպքում էլ վատ վիճակի մեջ դնելով իրեն այդ պաշտոնին նշանակած Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես վերջին դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, նախագահ Խաչատուրյանը հայտարարել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «Ես գիտեմ Ձեր ջանքերը, դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին, այդ մասին մենք զրուցել էինք Սերգեյ Վիկտորովիչի (Լավրովի-խմբ․) հետ, երբ նա Երևանում էր»։

Տարօրինակն այն է, որ նրա այս հայտարարության այս հատվածը խնամքով մոնտաժվել է նախագահական կայքում դրված տեսանյութից և հաղորդագրությունից, սակայն սղագրությունը պահպանվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ Եվ, ըստ էության, Խաչատուրյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին։ Գործող իշխանությունները և նրանց սպասարկուները անընդհատ պնդում են, թե հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորություն չի եղել։ Ի դեպ, այդ օրը պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Դրա մասին հետագայում փաստել էին ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և այլոք։ Փաշինյանն էլ կա՛մ հերքում, կա՛մ էլ մանիպուլացնում էր այդ հարցը։

Ըստ էության, նրա մերձավոր շրջապատի առաջատար դեմքերից մեկի՝ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի կողմից նման արձանագրում անելը, վկայում է իշխանությունների շարքերում խորքային պրոցեսների մասին։ Մեկ այլ դեպքով էլ Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը, Վահագն Խաչատուրյանը արել էր հայտարարություններ, որոնք բավականին հաճույքով այսօր օգտագործում է ադրբեջանական քարոզչամեքենան Հայաստանի դեմ։ Այս պարագայում էլ, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանի ամբողջ խոսքը հեռարձակվել էր նախագահական կայքում և յութուբյան էջում և Խաչատուրյանն ու իր խորհրդականները որևէ ջանք չէին գործադրել այդ հատվածը հանելու, մոնտաժելու, առավել ևս, որ հանդիպումը տեսագրել է ընդամենը մեկ՝ նախագահականի օպերատորը։

Փաշինյանական վարչախումբը կարող է հայտարարել, թե Վահագն Խաչատուրյանը սխալմունք է արել նման հայտարարություններ անելով, կամ էլ չգիտակցված է անում։ Մինչդեռ խնդիրն այն է, որ նախագահը, արտաքին քաղաքականության ասպեկտների վերաբերյալ իր հայտարարություններն անելիս, դրանք նախապես ճշտում է Արտաքին գործերի նախարարության հետ։

Հաշվի առնելով, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջին շրջանում խիստ նեղացած է Նիկոլ Փաշինյանից, նաև իրեն վարչության անդամության թեկնածու չգրանցելու համար, կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ն և նախագահականը ինչ-որ դավադրություն են նյութում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իհարկե, Վահագն Խաչատուրյանի այս հայտարարությունները անպայման օգտագործվելու են Նիկոլ Փաշինյանին հերթական հարված հասցնելուն։ Փաստի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը, նույնիսկ արձանագրելով, թե Վահագն Խաչատուրյանը մեծ հաշվով սկսել է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի պրոցեսը՝ լեգիտիմ հիմք դնելով դրա տակ։

«Հոկտեմբերի 19-ը ամենամութ հարցն է, որը պետք է քննվի, մյուս կողմից ամենակոնկրետ հարցն է, և սրա շուրջ մանևրելու հնարավորությունները մեծ չեն»,- արձանագրում են փորձագետները։ Իսկ մենք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե Խաչատուրյանին ների նրա այս «թերացման» համար։ 

Արթուր Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular