Ջհանգիրյանը բոլոր ռեժիմների օրոք աչքի է ընկել նման «պրոֆեսիոնալիզմով». Վիգեն Հակոբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այս ձայնագրությունը ցույց տվեց, թե ինչ բարքեր են տիրում այսպես կոչված փաշինյանական նոր Հայաստանում, ինչ մեխանիզմներով են կադրային նշանակումներ արվում և որքանով է իրավական համակարգը անկախ.
«Բացահայտ ձևով ասվում է, որ Գագիկ Ջհանգիրյանի վերադարձը բարձրագույն պաշտոններ՝ պայմանավորված է քաղաքական ղեկավարության կամ գործադիր իշխանության ցանկությամբ՝ կանխել քաղաքական հակառակորդների առաջխաղացումը քաղաքական ոլորտում, այդ թվում՝ նաև իշխանությունը վերցնելու հարցում, քաղաքական հաշվեհարդար տեսնել, պատժամիջոցներ կիրառել հակառակորդների նկատմամբ: Այդ համատեքստում որոշակի բնութագրումներով հնչում է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը: Ակնհայտ է, որ եթե կարգապահական վարույթը տարվում է, պետք է լինի ոչ թե Ռուբեն Վարդազարյանի, այլ հենց Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ով դարձել է քաղաքական ղեկավարության դատական գործիքը, պատվեր կատարողը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Վերջինիս խոսքով՝ Ջհանգիրյանի դեպքում սա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ նա բավականին հարուստ փորձ ունի այդ առումով, թերևս բոլոր ռեժիմների օրոք աչքի է ընկել նման «պրոֆեսիոնալիզմով».
«Բավական է աչքի անցկացնել 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի մամուլը՝ համոզվելու համար, թե ինչով էր զբաղված այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը: Հենց նա է համարվում Հայաստանում ընտրակեղծարարության մեխանիզմների կնքահայրը: Այս ձայնագրությունն ընդամենը արձանագրեց այն բոլոր կասկածները, որոնք կային ներկայիս իշխանական համակարգի վերաբերյալ և բոլորս հասկացանք, որ հեղափոխություն կոչեցյալ պրոցեսից հետո Հայաստանում ամեն ինչ ավելի է վատացել:
Պարզ է, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ էլ քաղաքական է հետապնդումը, ինչը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը ընդդիմադիր շարժման ընթացքում վերջնականապես հասկացավ, որ բավականին թույլ դիրքեր ունի, և իր միակ հույսը ուժային կառույցներն են: Մենք տեսանք, որ Ոստիկանությունն ամբողջովին զբաղված է մեկ անձի պահպանությամբ, քննչական երկու կոմիտեներում Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր համար վստահելի և իրեն պարտական մարդկանց, հիմա դատախազ նշանակում է նույնպես իր ձեռքին նայող մի աղջկա, իսկ դատական համակարգը, քանի դեռ այնտեղ կա Ռուբեն Վարդազարյանը, դժվար է ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: Հիմա փորձ է արվում ամբողջովին վերահսկողության տակ վերցնել նաև դատական համակարգը»:
Մարիամ Նալբանդյան