ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարարների պահանջն ուղղված է Կենտրոնական բանկի գործառույթը չկատարելուն. Վիլեն Խաչատրյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մանթաշյանց» գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիան բաց նամակ են հղել Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանը և Ֆինանսների նախարարությանը, որով կոչ են անում  շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար,  կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժևորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին»։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անիրատեսական է համարում գործարարների պահանջի կատարումը.

«Նամակի պահանջը ԿԲ-ից լողացող կուրսի պարագայում ճիշտ չեմ համարում, որովհետև լողացող կուրսի համակարգում ամեն ինչ որոշվում է առաջարկ-պահանջարկի հիման վրա: Ստացվում է՝ Կենտրոնական բանկին ասում են միջամտիր առաջարկ-պահանջարկի ձևավորման գործընթացներին: Տարբեր երկրների միջև գոյություն ունի դրամավարկային քաղաքականության սինխրոնիզացիայի համակարգ կամ կոորդինացված դրամավարկային քաղաքականություն: Եթե  դու գործընկեր երկրի համեմատությամբ վարում ես ոչ կոորդինացված դրամավարկային քաղաքականություն, վերջնական արդյունքում կարող ես ամբողջ քո պահուստները դրանով վերացնել կամ վնասել, նվազեցնել: Կենտրոնական բանկը, սինխրոնիզացված դրամավարկային քաղաքականություն վարելով և ունենալով լողացող փոխարժեք, շատ դեպքերում իրեն ապահովագրում է որպես կառույց:

Եթե Հայաստան հսկայական քանակությամբ դոլար է մտնում, այդ հոսքը ձևավորում է որոշակի փոխարժեք, որի ժամանակ ԿԲ-ն դոլարը շուկայից կարող է գնել, դրամ մտցնել տնտեսության մեջ, որպեսզի մարդկանց ձեռքին դոլար չլինի և արդյունքում այն թանկանա: Բայց եթե ԿԲ-ն դիմում է նման գործիքի, տնտեսության մեջ ավելանում է դրամի քանակությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի: Հետևաբար, նման գործիքակազմ կիրառելով, Կենտրոնական բանկը իր հիմնական գործառույթը՝ գների կայունության ապահովումը և գնաճը թույլատրելի սահմաններին մոտ պահելը, չի կարողանում իրականացնել: Հետևաբար, գործարարների այս պահանջն ուղղված է Կենտրոնական բանկի գործառույթը չկատարելուն, և Կենտրոնական բանկն այդ պահանջն առնվազն իր գործառույթի վրայով անցնելով պետք է կարողանա կատարել, ինչը ես իրատեսական չեմ համարում»:

Տնտեսագետի գնահատմամբ՝ մյուս տեսանկյունից, երբ դոլարի փոխարժեքն ավելի բարձր էր,  այդ ժամանակ Կենտրոնական բանկի տեղը ոչ ոք չէր հիշում.

«Օբյեկտիվ եթե դիտարկում ենք, այս ժամանակահատվածում ունեցած իրենց կորուստները գործարարները կարող են փակել ավելի բարձր փոխարժեքի ժամանակ ունեցած եկամուտներով: Կենտրոնական բանկը, որպես այդպիսին, նրանց գործունեությունը խթանող գործառույթ չունի, դա Էկոնոմիկայի նախարարության ֆունկացիաների շրջանակներում կարող է լինել: Այս պահին մեր արտահանման ծավալներն աճում են, նվազելու պարագայում դրանից օգուտ կքաղի միայն ներքին սպառողը: Այս տարի ներքին սպառողը հնարավորություն կունենա օգտվելու մեր երկրի բարիքներից, այսինքն ներքին շուկային կուղղվեն այն բարքիները, որոնք ուղղվում էին արտաքին շուկա»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular