«Հղի վիճակում ինձ ծեծում էր, մազերիցս էր քաշում, հարվածում մորս». Բռնության ենթարկված կինը հուզվեց (Տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔԱյսօր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով միջազգային համաժողովի ժամանակ կազմակերպիչները ներկայացրեցին մի կնոջ՝ Թագուհի Մանսուրյանին, որը փորձեց ներկայացնել, թե ինչ է կատարվել տարիներ շարունակ իր ընտանիքում, ինչպես է ամուսինը հղի վիճակում ծեծել իրեն:
Կինը պատմելիս այնքան հուզվեց, որ համաժողովի մասնակիցները հորդորեցին դադարեցնել եւ կնոջը տրավմայի չենթարկել. «Մի տանջեք կնոջը»:
Թագուհին պատմեց, որ 2014-ի փետրվարին ամուսնացել է Վլադիկ Մարտիրոսյանի հետ. «Բռնություններն առաջին իսկ օրվանից եղել են մեր ընտանիքում, հիմնականում՝ կենցաղային խնդիրների պատճառով: Երբ հղի էի, անգամ այդ շրջանում էր ինձ հարվածում:
Ամուսնությունից հետո սկսեց արգելել, որ աշխատեմ, Վլադիկն ինքն էլ չէր աշխատում, ապրում էինք վարձով…Հղիությունս բարդացած էր, ստիպված տեղափոխվեցի հայրական տուն, վեճերը շարունակվեցին իմ հայրական տանը եւս, վիրավորում էր ծնողներիս…2014-ի նոյեմբերին առաջին անգամ զանգահարել եմ ոստիկանություն, երբ եկավ մեր տուն՝ փորձելով առեւանգել երեխային:
Դեկտեմբերին ծնողներիս կամքին հակառակ որոշեցի գնալ Վլադիկի մոտ, տուն էր վարձել, մեկ ամիս ապրեցինք, այդ մեկ ամսում երեք անգամ ինձ ծեծեց, խուսափում էի ծնողներիս հետ հանդիպել, որովհետեւ կապտուկներով էի»: Կինը պատմեց, որ անընդհատ խոշտանգումների է ենթարկվել. «Դուռը կոտրեց, մազերիցս էր քաշում, երբ երեխան գիրկս էր:
Այդ ընթացքում էլի զանգահարել եմ ոստիկանություն, կողքի շենքի հարեւանները եկան օգնության: Ոստիկանությունը չեկավ»: Նա ասաց, որ երբ սկսել են դատական գործընթացները, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշել է ընդամենը 6 ամսով ազատազրկման դատապարտել ամուսնուն, բայց պայմանականորեն չկիրառել պատիժը, ինչը նշանակում է, որ Վլադիկ Մարտիրոսյանը, լինելով ազատության մեջ, նորից շարունակել է հետապնդել եւ խոշտանգել Թագուհի Մանսուրյանին. «2016-ի հուլիսի 7-ին ծնունդս էր…հարձակվեց ինձ վրա, հարվածեց մորս:
Զանգեցինք ոստիկանություն՝ խնդրելով սաստել Վլադիկին: Ինձ ու մայրիկիս տարան բաժանմունք, իսկ Վլադիկը հրաժարվեց ներկայանալ»:
Թագուհին բռնությունների հետեւանքով ծանր վիրահատության է ենթարկվել: Հետո դիմել է կանանց աջակցման կենտրոնին. «Կատարվածը դեռեւս ծանր հիշողություններ եւ ապրումներ է առաջացնում, բայց, կարծում եմ, կկարողանամ հաղթահարել եւ օրինակ լինել իմ պես կանանց, որոնք բռնության են ենթարկվել իրենց զուգընկերների կողմից: Կուզենամ կանայք իմ նման պայքարեն իրենց իրավունքների համար, չվախենան մենակ մնալուց, խոսեն իրենց հետ կատարված բռնությունների մասին, չամաչեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ