Այլընտրանք է պետք մտածել. ներքին սպառման համար եղած պաշարները շատ են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌԴ-Վրաստան ռազմավարական ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ արգելվում է Ռուսաստանից ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գյուղմթերքի արտահանման շրջանում ռազմավարական միակ ցամաքային ճանապարհի փակվելն ի՞նչ հետևանքներ կունենա հայ տնտեսվարողների համար, 1or.am-ը փորձել է պարզել «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ զրույցում.
«Բնականաբար, այլընտրանք չկա, միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանին, և խուսափել խնդիրներից հնարավոր չի լինի: Խնդիրներ արդեն իսկ առաջացել են. բերքով բեռնված մեքենաներն այս շոգին չեն կարողանում առաջ գնալ, և արտահանողներն ու բեռնափոխադրողներն անպայման վնասներ կկրեն: Սա արդեն բնական աղետ է, ինչ-որ կողմի դիտավորության կամ ճանապարհ փակելու հետևանք չէ: Մեզ մնում է միայն սպասել, քանի որ ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ, թե քանի օր կտևի այս իրավիճակը»:
Մեր հարցին՝ այս պարագայում գոնե ներքին սպառողը կարո՞ղ է օգտվել ստողծված իրավիճակից, Չիլինգարյանը պատասխանեց.
«Եթե պրոցեսը երկարի, այլընտրանք է պետք մտածել: Ծիրանը արագ փչացող ապրանքների շարքին է պատկանում, և տնտեսվարողները, արտահանողները պետք է աշխատենք այլ երկրներում իրացնել իրենց ապրանքը, որովհետև ներքին սպառման համար եղած պաշարները շատ են»:
Մարիամ Նալբանդյան