ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությո՞ւն, թե՞ հայրենակցական միություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-վրացական սահմանին՝ Վերին Լարսի անցակետում, հեղեղումների պատճառով ճանապարհը փակվելու հետևանքով, Հայաստանում կրկին սրվեցին արտահանողների խնդիրները։ Հատկապես այս տարի, երբ ծիրանի բավականին մեծ բերք է կուտակվել հանրապետությունում, անմիջապես սոցիալական ցանցերում հիշեցին, որ ճանապարհը 7-10 օր փակելու դեպքում, ինչպես նախապես նշել էին վրացական իշխանությունները, Հայաստանի ծիրան արտահանողները լրջագույն խնդրի առջև են կանգնելու։

Միակ և ոչ խելամիտ առաջարկը, որ հնչեց Հայաստանի քաղաքացիների կողմից, ամենքը մի քանի կիլոգրամ ծիրան գնելու և այդպես արտադրողներին օգնելու առաջարկն էր։ Ըստ էության, սա վկայում է Հայաստանում պետական մտածողության և հասարակության պատասխանատվության տոտալ բացակայության մասին։

Ստեղծված իրավիճակը առաջին հերթին մարտահրավեր է պետության համար, և հենց պետությունն ինքը պետք է շահագրգիռ լիներ միջոցներ ձեռնարկելու արտահանողներին, գործարարներին օգնելու հարցում։ Մինչդեռ պետության այս կարևորագույն պարտականությունը դրվում է հանրության ուսերին, մարդկանց առաջարկում են գնել մի քանի կիլոգրամ ավել ծիրան, ուտել, սեփական առողջության հաշվին աջակցել հայ գործարարին, արտադրողին, արտահանողին, փոխանակ պահանջները ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին։

Ավելի ուշ իշխանությունները հայտնեցին, թե վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և սահմանն արդեն իրականացված աշխատանքների շնորհիվ բացվել է։

Գաղտնիք չէ, որ Վերին Լարսը տարեկան մի քանի անգամ նման խնդիրներ ունենում է, պարբերաբար փակվում է՝ խնդիրների առջև կանգնեցնելով հայ բեռնափոխադրողներին։ Եվ տասնյակ տարիներ հարցեր լուծելու փոխարեն, կրկին մենք վերադառնում ենք կոտրած տաշտակի առջև՝ քննարկելով ոչ թե պետական միջոցների և ռեսուրսների արդյունավետ ծախսման թեման, այլ ավելի ու ավելի պետությունը վերածելով հայրենակցական միության, երբ հանրության գործառույթը լինում է ոչ թե իշխանություններին պահանջներ ներկայացնելը, այլ՝ սոցիալական տարատեսակ արշավներ իրականացնելը։

Էդգար Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular