ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. մտահոգիչ վիճակագրություն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորները՝ սամակատները, իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին: Թեեւ ինքնագլորները Երեւան են հասել դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից, բայց արդեն հասցրել են զայրույթ առաջացնել քաղաքացիների մոտ. երեւանյան փողոցներում այսօր անհնար է հանգիստ քայլել, զբոսնել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է մեկը ինքնագլորով ձեզ վրաերթի ենթարկել:

Օրինակ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խիստ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել՝ նշելով, որ էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց միայն վերջին 3 ամսվա ընթացքում, դրանից հետո, սակայն, որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվում. երեւույթը որեւէ կառույցի կողմից վերահսկելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել՝ արդյոք նախատեսվում է առաջիկայում քաղաքում ուղիներ նախատեսել ինքնագլորների համար:

Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից փոխանցեցին. «Քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որեւէ առնչություն չի ունեցել, դա արվել է մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, հետեւաբար ոլորտի հետ կապված բոլոր կարգավորումները, հարցերը ձեզ պետք է տա պարեկային ծառայությունը կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը»: Ոստիկանությունից այս խնդրի հետ կապված կարճ պատասխանեցին. «Նման նախաձեռնություն լինի, հանրային քննարկման կդրվի»:

Պարզվում է՝ ինքնագլորները ինչ-որ մարդիկ անհասկանալի չափորոշիչներով ներկրել են, ապօրինի չկարգավորված դաշտում աշխատում են, բիզնեսը զարգանում է, սակայն վերահսկողություն չկա: Քաղաքային իշխանությունն անկարող է եւ պատասխանատվություն չի դրսեւորում, ոստիկանությունը չի գործում, եւ հնարավոր է, որ ինքնագլորի վարորդը վրաերթի ենթարկի մարդուն, բայց տրանսպորտային միջոց չհամարվի, մնա անպատիժ: Քաղաքակիրթ այլ երկրներում ինքնագլորների, հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհահատվածներ կան, դրանք գործի դնելուց առաջ պատասխանատու ընկերությունը լիցենզիա է ստանում եւ գործում է խիստ վերահսկելի դաշտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular