Ինձ չեն հետաքրքրում վայրենիների սպառնալիքները. Արցախի մասին ֆիլմ նկարել պատրաստվող լեհ լրագրողը սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիներից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԼեհ լրագրող Թոմաշ Մացեյչուկը սպառնալիքներ է ստանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշման համար։ Ինչպես այդ մասին հայտնել է լրագրողը «В контакте» սոցիալական ցանցի իր էջում, իրեն ցանկանում են վախեցնել այն բանի համար, որ նա հանդես է գալիս հայկական Արցախի օգտին։
«Ստանում եմ սպառնալիքներ Ղարաբաղի վերաբերյալ իմ դիրքորոշման առնչությամբ։ Ինձ ցանկանում են վախեցնել այն բանի համար, որ հանդես եմ գալիս հայկական Արցախի, մահմեդականներից հայերի պաշտպանության օգտին, որոնք արդեն մի անգամ հայ ժողովրդի ցեղասպանություն են իրականացրել»,- գրել է լրագրողը։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը և իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյության հարցը։ «Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են, և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում»,- գրել է նա։
Լրագրողը հայտնել է, որ շուտով նորից ելույթ է ունենալու ռուսական հեռուստատեսությամբ և խոստանում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Ինձ չեն հետաքրքրում վայրենիների սպառնալիքները։ Ես լեհ եմ, ես երբեք չեմ կանգնի Թուրքիայի և Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայաստանի։ Լեհ թագավոր Յան III Սոբեսկին ցույց է տվել, թե ինչպես է հարկավոր խոսել Թուրանի հետ, և դա հարկավոր է պահպանել։ Թեման փակված է»,- գրել է նա։
Լրագրողն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպել է ռուս ռազմական թղթակցի հետ և քննարկել Արցախի վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանման հնարավորությունը։
«Ցանկանում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, բայց թվում է, որ մեր առաջին համատեղ լեհ-ռուսական նախագիծը լինելու է քաղաքակրթությունների պատերազմը Հայաստանում, պատերազմ, որտեղ հայերը պաշտպանում են իրենց հողը և քրիստոնյա աշխարհը մահմեդականներից։ Եվրոպան պետք է արթնանա և եզրակացություններ անի՝ հայերի ցեղասպանությունը պատահականություն չէր և Արցախի անկման դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ։ Մենք պետք է հնարավորինս արագ գիտակցենք վտանգը և ադեկվատ միջոցներ ձեռնարկենք։ Ընթանում է քաղաքակրթությունների պատերազմ՝ Արցախ, Կոսովո, Ռուսաստանի և Եվրոպայի իսլամացում։ Մենք կա՛մ կհասկանանք դա, կա՛մ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականի պես»,- գրել է Մացեյչուկը։
Իր ավելի վաղ արած գրառումներից մեկում Մացեյչուկը հայտնել էր, որ НТВ հեռուստաալիքի «Место встречи» հաղորդումից հետո, որտեղ նա բարձրացրել է Ղարաբաղում քրիստոնյա աշխարհի պաշտպանության հարցը և ասել, որ Ղարաբաղը հայկական հող է և հարկավոր է այն պաշտպանել, սկսել է սպառնալիքներով հաղորդագրություններ ստանալ։
«Իմ պատասխանը նրանց, ովքեր ինձ սպառնալիքներ են գրում՝ Ղարաբաղը Մեծ Հայաստանի մաս է եղել դեռ այն ժամանակ, երբ դուք՝ քոչվորներդ, անգամ նախագծում չկայիք։ Ձեզ չի հաջողվի ինձ վախեցնել, հասկացա՞ք։ Հիշե՛ք այս խոսքերը»,- գրել էր նա։