ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցը տալիս նման պատասխան չէի ակնկալում. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի խորհրդարանում երեկ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ասաց, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, Լաչինի միջանցքով երեք տարվա ընթացքում պետք է նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ: Պատգամավորի դիտարկմամբ՝ ներկայումս կառուցվում է ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կիլոմետր լայնություն, որի հետևանքով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը:

«Մենք որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից։ Սուս գյուղում մենք այսօր համարյա բնակիչ չունենք, նաև, որքան գիտեմ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց Հարությունյանը:

Հակոբյանի խոսքով՝ երբ հարցը տալիս էր, չէր ակնկալում նման պատասխան և ընդհանրապես պատկերացում չուներ՝ ինչ պատասխան է տրվելու.

«Հատկապես վերջին ժամանակաշրջանում մեզ բոլորիս էր անհանգստացնում հարցը, քանի որ Արցախում խառնաշփոթ էր առաջացել, և պարզաբանումների կարիք իսկապես կար: Այսպես կոչված առցանց ասուլիսի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ տոնով շատ դաժան բաներ ասաց, բավականին շատ բացահայտումներ արեց, որտեղ շատ կարևոր էր իր այն դիրքորոշումը, որ այն, ինչ ԼՂԻՄ-ի սահմաններում չէ, պետք է հանձնվի Ադրբեջանին: Այդտեղ ևս շատերի մոտ հարցեր առաջացան՝ ինչպես եղավ, որ Հադրութն ու Շուշին հանձնվեցին, եթե ամեն ինչ այդ տրամաբանությամբ էր: Տպավորությունն այնպիսին է, որ ինքը կա՛մ տեղյակ չէ՝ ինչի տակ է ստորագրել, կա՛մ հետո ընդհանրապես չէր անդրադարձել կետերին՝ մասնավորապես 6-րդ կետին: Բնականաբար, այլ տարբերակ չկար, քան հարցադրումներ անել Արցախի նախագահին՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում, բայց, ցավոք սրտի, հարցադրումներն ավելի շատ հարցեր առաջ բերեցին և մեծացրեցին անհանգստությունը:

Արցախի նախագահի խոսքից պարզ դարձավ, որ այն ամենը, ինչ կատարվում է, 6-րդ կետի տրամաբանությունից դուրս է: Նա իր խոսքում անընդհատ խոսում էր ճանապարհի, այլ ոչ թե միջանցքի կառուցման մասին, դրանք տարբեր բաներ են, միջանցքը իրավական կարգավորումներ ունի, ճանապարհը՝ ոչ: Ստացվում է, որ իրականում Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են, առաջինը դրան պետք է ուշադրություն դարձնենք, որովհետև Հարությունյանն ասաց, որ առաջարկներ է ստացել ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից, որոնք մերժել է՝ ընտրելով լավագույն տարբերակը: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն են եղել վատագույն առաջարկները: Եթե պարզվի, որ կառուցելուց հետո այդ ճանապարհն անվտանգ չէ և որակապես չի համապատասխանում մեր պահանջներին, ինչպիսի՞ն են լինելու իշխանությունների քայլերը: 

Շատ տարակուսելի էր նաև Հարությունյանի այն հայտարարությունը, թե պետք է Բերձորից դուրս գանք, հետո էլ ասաց՝ որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք: Սա ինչ-որ տեղ հույս է տալիս, որ դուրս գալու մասին դեռևս խոսք չկա: Բերձորում էլ կյանքը բնականոն է, ես քիչ առաջ անցնում էի այնտեղով, ամեն ինչ նորմալ է, անհանգստություն չկա այդ առումով, ռուս խաղաղապահներն էլ իրենց գործառույթները բարձր որակով են կատարում:  Քանի որ ՀՀ վարչապետը փաստեց, որ ինքը բացարձակապես չի զբաղվում գոնե Աղավնոյի հարցով, իսկ Արցախի նախագահն ասաց, որ բանակցում է Աղավնոյի համար, հարց է առաջանում՝ ում հետ: Ես հույս ունեմ, որ ՌԴ-ի հետ են այդ բանակցությունները կամ գոնե միջնորդությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը: 

Պատգամավորի խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Արցախի իշխանությունները և նախագահը չեն խորշում և վստահաբար հայտարարում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում.

«Թող տպավորություն չստեղծվի, թե մենք այստեղ ամեն ինչին կողմ ենք, ինչ ասում են Արցախի իշխանությունները և նախագահը: Մենք ոչ մի պահ չենք մոռանում, որ իրենք պարտված իշխանություն են, որը մեծ խնդիր է: Բայց մյուս կողմից պետք է չմոռանանք, որ ապրիլի 14-ին մենք մի հարցի շուրջ կոնսենսուսի ենք եկել, և դրանք Արցախի կարմիր գծերն են: Ընդդիմության գործն էլ վերահսկելն է բոլոր գործառույթները, որոնք անում են իշխանությունները: Եթե որևէ խնդիր առաջանա, մենք ցանկացած դեպքում դեմ ենք գնալու, փորձելու ենք գոնե տեղեկացված լինել: 

Ուղղակի մենք փաստեցինք մեզ համար, որ 6-րդ կետի շրջանակներում չէ այն ամենը, ինչ կատարվում է հիմա, և այն ինչ հիմա կառուցվում է, որևէ աղերս չունի այն միջանցքի հետ, որը պետք է կառուցվեր 3 տարվա ընթացում: Գոնե այս իրավիճակում մենք պետք է զգոն լինենք և թույլ չտանք՝ մեզ հրամցնեն այլ բան: Ամեն դեպքում՝ մեր ուշադրության կենտրոնում են և՛ Աղավնոն, և՛ Բերձորը, և՛ Սուսը, կապերը սերտ են, մարդկանց հետ շփումներն անընդհատ կան, և կարևորն այն է, որ այնտեղ որևէ մեկը չի պատրաստվում լքել գյուղը, ընդհակառակը, ես տեղյակ եմ, որ մեր հայրենակիցներից վերադարձել են և գյուղում ապրելու պատրաստակամություն հայտնել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular