ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանդատով, թե առանց, մեր պայքարը շարունակվում է, մեր նպատակը մեկն է. Ագնեսա Խամոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետները խոսում են Հայաստանում նոր՝ խորհրդարանական ճգնաժամի մասին, պատգամավորները մեկը մյուսի ետևից վայր են դնում մանդատները:

Ժամեր առաջ հայտնի դարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու մասին, մամուլում լուրեր են շրջանառվում, որ նույն քայլին պատրաստվում են դիմել Էլինար Վարդանյանը և խմբակցության ևս մեկ պատգամավոր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե ինչ է կատարվում ընդդիմության շարքերում.

«Անկեղծ ասած՝ ես ծանոթ չեմ Ձեր մատնացույց արած քաղաքագետների գնահատականներին, բայց ես ծանոթ եմ բազմաթիվ քաղաքագետների, քաղաքական, հասարակական գործիչների գնահատականներին, որոնցով արձանագրվում է, որ Հայաստանում ոչ թե խորհրդարանական, այլ քաղաքական ճգնաժամ է, առհասարակ: 

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ մանդատները վայր դնելուն, ուզում եմ հիշեցնել, որ Ղազինյանն իր մանդատը վայր դնելով հանդերձ՝ արձանագրել է, որ իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել, և դա ընդամենը իր համար մարտավարության հարց է: Ինձ համար շատ կարևոր էր իր արձանագրումը, որ օրվա իշխանություններին տված իր գնահատականներում ոչինչ չի փոխվել և նաև, որ «Դիմադրություն» շարժումն այն միակ հարթակն է, որ ի զորու է հեռացնելու այս իշխանություններին:

Մնացած ձևակերպումների մասով՝ ուրիշ պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու առումով, հստակ կարող եմ հայտարարել, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այս պահի դրությամբ «Հայաստան» խմբակցությունն աշխատանքային ակտիվ փուլի մեջ է:

Ուզում եմ ավելացնել, որ մանդատը չէ, որ մեզ ուժ է տալիս և մանդատով չէ մեր միակ առաքելությունը՝ հեռացնելու այս իշխանություններին: Կլինի մանդատով, թե առանց, մեր պայքարը շարունակվում է, մեր նպատակը մեկն է, և միանշանակ այն կյանքի ենք կոչելու»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Խամոյանը:

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular