ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին դուր է եկել «Սերժի հագով կարած կոստյումը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր հուլիսի 5-ն է, և Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց իր սահմանադրությունը։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ վայրիվերումներով անցած պետությունը, թե՛ ձեռքբերումներ, և թե՛ բացթողումներ է ունեցել։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձ է հղել «իր սիրելի հայրենակիցներին» և կրկին անդրադարձել 2018 թվականի իշխանափոխությանը։

Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն, իսկ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունեն անելու։ Ընդսմին, նրա ուղերձում ուշագրավ մի դիտարկում կա, հատկապես կառավարման համակարգի վերաբերյալ։

«Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում»,- նշել է Փաշինյանը։

Այս օրերին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը և խորհուրդը քննարկում են առաջիկայում հանրաքվեի դրվելիք փոփոխությունները, և ամենակարևոր հարցը կառավարման համակարգի հարցն էր։

Բազմաթիվ վերլուծաբաններ և իրավաբաններ նշում են, թե կառավարման խորհրդարանական մոդելը լուրջ խնդիրներ է հարուցել թե՛ 2018 թվականին, և թե՛ դրանից հետո՝ առաջարկելով անցնել կիսանախագահական, կամ լրիվ նախագահական կառավարման։

Փաշինյանն ինքն էլ ժամանակին հայտարարում էր, թե պետք է վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի, իսկ այսօր, թերևս, կարելի է արձանագրել, որ «սուպերվարչապետական» և «քվազի» խորհրդարանական կառավարման մոդելը կամ ինչպես ժողովրդական լեզվով ասում են՝ «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը», նրան բավական դուր է եկել։

Բանն այն է, որ Հայաստանում խախտված է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և խորհրդարանական կառավարման անվան տակ վարչապետը անթույլատրելի շատ լիազորություններ է ստացել։ Ըստ էության, Փաշինյանն ինքն էլ այլևս չի թաքցնում, որ ցանկանում է պահպանել այս համակարգը և իրեն տրված լիազորությունները՝ երկրում բոլոր հարցերը միանձնյա լուծելու համար։ 

Լևոն Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular