ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա երկու տարում սովի աղետ կսկսվի․ ՄԱԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առաջիկա երկու տարում սովի աղետ կսկսվի, ինչը համաշխարհային քաղաքական աննախադեպ ճնշման վտանգ կառաջացնի։ Նման նախազգուշացումով է հանդես եկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Պատրիկ Բիզլին, հայտնում է Guardian-ը։

Կարճաժամկետ եւ երկարաժամկետ բարեփոխումների, ներառյալ ուկրաինական 25 միլիոն տոննա հացահատիկի շրջափակումը հրատապ վերացնելու կոչ անելով, Բիզլին ասել է, որ սննդամթերքի հասանելիության ներկայիս ճգնաժամը, հավանաբար, հաջորդ տարի կվերածվի ավելի վտանգավոր պարենային ճգնաժամի, եթե լուծումներ չգտնվեն:

ՄԱԿ-ի կողմից որպես «սննդի սուր անբավարարությունից» տառապող դասակարգված մարդկանց թիվը մինչեւ Covid-ի ճգնաժամը կազմում էր 130 միլիոն, սակայն Covid-ից հետո այդ թիվը հասել է 276 միլիոնի:

Բլերի ինստիտուտի նոր բրոշյուրի նախաբանում սովի մոտեցող ճգնաժամի մասին Բիզլին գրում է. «Ուկրաինական ճգնաժամի պատճառով այդ թիվը հասել է 345 միլիոնի: 45 երկրներում 50 միլիոն մարդ այժմ ընդամենը մեկ քայլ է հեռու սովից։ Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի` կանգնեցնելու սպասվող սովի աղետը, հակառակ դեպքում այդ թվերը կտրուկ կաճեն»:

«Պարենի համաշխարհային շուկաները քաոսի մեջ են ընկել՝ գների աճը, արտահանման արգելքները եւ հիմնական սննդամթերքի անբավարարությունը տարածվել են Ուկրաինայի սահմաններից դուրս: Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ նույնիսկ Լատինական Ամերիկայի երկրները զգում են այս կոնֆլիկտի հետեւանքները»:

Համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները խորանում են վառելիքի եւ պարարտանյութերի համաշխարհային շուկաներում տիրող ցնցումների պատճառով, ասել է Բիզլին:

«Առանց շտապ գործողությունների կկրճատվեն սննդամթերքի արտադրությունն ու բերքատվությունը։ Սա վախեցնող հավանականություն է առաջացնում, որ, ի լրումն այսօրվա պարենային գների ճգնաժամի, աշխարհը առաջիկա 12-24 ամիսների ընթացքում կբախվի նաեւ սննդամթերքի հասանելիության իրական ճգնաժամի, եւ դրա հետ մեկտեղ՝ բազմակի սովի ուրվականի»:

Պարենային ապրանքների գները հասել են 10 տարվա առավելագույնին 2022 թվականին, թեեւ վերջին երկու ամսում մի փոքր անկում է գրանցվել։

Իր «Գլոբալ ճգնաժամը» բրոշյուրը թողարկելիս Թոնի Բլերը The Guardian-ին ասել է, որ պարենային ճգնաժամը, որից այժմ տառապում են Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի աղքատ երկրները «միանգամայն հավանական է, որ մեծ անկարգություններ կհրահրի, ինչպես «արաբական գարունից» առաջ էր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular