ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի քաղաքականությունը միտված է մեր տարածաշրջանում թուրքական և իսրայելական ազդեցությունը թուլացնելուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Թեհրանում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ տվյալ ձևաչափով հանդիպումները նոր երևույթ չեն, և դրանց ժամանակ, բնականաբար, իրանական կողմը առաջ է մղում իր շահերը՝ փորձելով նաև նկատի ունենալ տարածաշրջանում գործող իրավիճակից բխող մարտահրավերները.

«Մասշտաբը մոտավորապես հասկանալի է, տվյալ պարագայում Իրանն ունի նոր մարտահրավեր, մասնավորապես խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է, ինչպես նաև ադրբեջանաիրանական սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ նաև Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում, իսրայելական ներկայությանը և ակտիվությանը, որի վերաբերյալ իրանական կողմը պարբերաբար հանդես է գալիս կոշտ հայտարարություններով, ինչը մենք տեսնում ենք նաև իրանական մամուլում։ Հետևաբար կարծում եմ՝ իրանցիները նշված ձևաչափով առաջ են մղելու իրենց շահերը, ինչպես վայել է ցանկացած գերտերության։

Մեկ այլ հանգամանք կա, որին կարծում եմ՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնենք։  Ադրբեջանական կողմը բոլոր մակարդակներում հայտարարում է, թե Արցախի հիմնահարց գոյություն չունի։ Մինչդեռ Թեհրանում Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց Բաքվի բռնապետական արտգործնախարարին, որ նման հարց գոյություն ունի, բայց հարցի համատեքստում կարևոր են հարցի բոլոր սկզբունքները։

Այսինքն խոսքը ոչ թե միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին է, այլև ազգերի ինքնորոշման սկզբունքի, որովհետև դա միջազգային սկզբունքներից մեկն էր, և կարևորվել է նաև անվտանգությունը։ Ընդ որում՝ այդ գործընթացի հիմքում Իրանի հոգևոր առաջնորդի պնդումն է 44-օրյա պատերազմի ընթացքում, որտեղ կետերից մեկը հստակորեն վերաբերում էր Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության ապահովմանը։ Եվ իրանական գերատեսչության ղեկավարը ուղղորդվում է Իրանի հոգևոր առաջնորդի փաստացի ցուցումով։ Հետևաբար ադրբեջանական կողմը խնդիրներ ունի Իրանի հետ այս հարցում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ կարևոր հանգամանք է նաև այն, որ իրանական կողմը հենց այս հանդիպման ընթացքում խոսել է հյուսիս-հարավ տրանսպորտային հանգույցի մասին.

«Բնականաբար ադրբեջանական կողմից փորձ է արվում, ինչպես ասում են, ուշադրությունը քամել բացառապես ադրբեջանական կողմի վրա, բայց իրանական կողմից շատ հստակ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Հայաստանը նույնպես պետք է մաս դառնա հյուսիս-հարավ տրանսպորտային հանգույցի, մասնավորապես Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցի շրջանակներում Հայաստանը ևս պետք է ունենա մասնակցություն։

Իրանի համար կարևոր է, որպեսզի ցամաքային ճանապարհ լինի Սյունիքով, և ոչ թե գործարկվի Իրանի Ջուլֆա-Նախիջևանի Ջուղա-Երասխի երկաթգիծը։ Դրան իրանցիները նույնպես կողմ են, բայց իրանական կողմը մի քանի անգամ նշել է, որ Հայաստանով դեպի Սև ծով ցամաքային ճանապարհը իրենց համար կենսական նշանակության է, և հայկական կողմից պետք է ամեն ինչ արվի, որ հնարավորինս արագ և որակյալ կառուցվի հյուսիս-հարավ ավտոճանապարհը: 

Իրանը մեր տարածաշրջանում այն պետություններից է, որը Հայաստանի հետ ունի բազմաթիվ համընկնող շահեր, այդ շահերի թվում է գտնվում նաև հակաադրբեջանական և հակաթուրքական պայքարը։ Այդ մասին, բնականաբար, իրենց բարձրաստիճան պաշտոնյաները հանրային տիրույթում չեն հայտարարում, բայց Իրանի քաղաքականությունը միտված է մեր տարածաշրջանում թուրքական և իսրայելական ազդեցությունը թուլացնելուն։ Իսկ իսրայելյան ազդեցության կարևորագույն հարթակներից համարվում է Ադրբեջանը։ Ուստի ստեղծվել է համագործակցության լրացուցիչ մի խումբ, այդ մարտահրավերներին հանդիման, որոնք մարտահրավերներ են թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի համար»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular