ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապաշտպանները Փաշինյանին երկու անգամ մեղադրել են ստախոսության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին 2 օրվա ընթացքում «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը առնվազն երկու անգամ լայն ապտակ է հասցրել փաշինյանական վարչախմբի «հպարտ» դեմքին։ Նախ՝ նախօրեին, կազմակերպությունը տարեկան զեկույց էր հրապարակել, որտեղ նշել էր, թե երեք ավտորիտար ռեժիմներ հասել են ժողովրդավարական հաջողությունների և համալրել են հիբրիդ պետությունների շարքերը. Մոլդովան, Կոսովոն, վերջին տարիներին նաև Հայաստանը։

Կազմակերպությունը մրցակցային է որակել Հայաստանում անցկացված 2 համապետական ընտրությունները, Հայաստանը աճ է գրանցել ընտրական գործընթացում, ինչպես նաև դատական համակարգի անկախության ոլորտում, սակայն ըստ կազմակերպության, կոռուպցիայի մակարդակը փոփոխության չի ենթարկվել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները տեղին-անտեղին հայտարարում են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա։ Փաստացի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ստախոսության մեջ՝ նշելով, որ կոռուպցիայի մակարդակը բացարձակապես փոփոխության չի ենթարկվել։ Լավ հետևելու դեպքում, կարելի էր նույնիսկ արձանագրել, որ կոռուպցիան Հայաստանում ավելացել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար վարչախումբը պարզապես չեն կարողանում շատ դեպքերում առնել կոռուպցիայի դեմը։

Երեկ արդեն իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում ծանր վիրավորանքի ապաքրեականացումը և ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու կառավարության հանձնառությունը։

Ըստ էության, ծանր վիրավորանքը ապաքրեականացնելու պահանջը գալիս է եվրոպական կառույցներից։ Անգամ Փաշինյանին լոյալ իրավապաշտպանները և եվրոպական կառույցների հայաստանյան գրասենյակները արձանագրում էին, որ այս օրենքը դուրս է տրամաբանությունից և անհրաժեշտ է փոխել։

«Freedom House»-ը նաև հորդորել է Հայաստանի վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները։ Իշխանափոխությունից հետո օրական մի քանի անգամ ֆեյսբուքյան լայվ անող, մեծ ասուլիսներ հրավիրող Փաշինյանը 2020 թվականի պատերազմից հետո ընդամենը 4 անգամ առցանց ասուլիս է հրավիրել, որտեղ հարցերը ֆիլտրվել են և տրվել են նրան միայն հաճելի հարցեր, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները ընդհանրապես բոյկոտեցին Փաշինյանի վերջին ասուլիսը՝ այն հակաժողովրդավարական համարելով։

Գոռ Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular