ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիսուսի արձանը և Հայաստանի կառավարության անսկզբունքայնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը Հատիսի լանջին բավականին բուռն քննարկումների և վեճերի տեղիք է տվել։ Գագիկ Ծառուկյանը բազմամիլիոնանոց ծրագիրը ներկայացնելիս՝ հաշվի է առել նաև հանրության ցանկությունը, իսկ կառավարությունը իր նիստում հավանություն է տվել այս ծրագրին։

Նախօրեին Հատիսի գագաթին հիմնարկեքի արարողության ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե՝ «Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը շռնդալից զբոսաշրջային նախագիծ է», և նշել, թե ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում ևս կառավարությունը պատրաստ է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծն առանց խոչընդոտների իրականություն դառնա։

Ըստ էության, Քրիստոսի արձանի կառուցումը և դրա շուրջ կառավարության վարքը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները երկիրը կառավարում են ֆեյսբուքյան ստատուսներով, իսկ քննադատությունների դեպքում առանց աչք ճպելու փոխում են իրենց սեփական կարծիքը և բացարձակապես որևէ սկզբունքային դիրքորոշում չեն որդեգրում։

Կեսգիշերին մոտ մի հայտարարություն էլ տարածել է Հայաստանի ԿԳՄՍՆ-ն՝ պահանջելով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր ամրոցի տարածքում, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Նախարարությունը նշել է, թե Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի պետական ցուցակում գրանցված շուրջ 20 տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ, և այդ կապակցությամբ Գագիկ Ծառուկյանից պահանջում են դադարեցնել շինարարությունը։

Դժվար թե Հայաստանի կառավարությունը նախապես տեղյակ չլիներ, որ Հատիսի վրա գոյություն ունեն պատմության հուշարձաններ, և այդ մասին կարող էր ժամանակին տեղեկացնել Գագիկ Ծառուկյանին՝ խնդրելով նրան նույնիսկ մեծ գումարներ չծախսել շինարարությունը սկսելու ուղղությամբ, այլ ընդհակառակը նախապես կարող էր տեղեկացնել։

Փոխարենը իշխանություններն ինչպես միշտ վարվում են անսկզբունքային երկերեսանու պես. նախ համաձայնություն են տալիս Փաշինյանի բերանով, կառավարության նիստում դրվատում են, իսկ էկոնոմիկայի նախարարին թույլատրում շռնդալից արտահայտություններ անել հենց լեռան գագաթին, այնուհետև ԿԳՄՍՆ-ի բերանով քննադատում Գագիկ Ծառուկյանին։

Հերթական անգամ այս ամենը վկայում է, որ Հայաստանի իշխանությունների պարագայում մենք գործ ունենք բացառիկ մի հանրույթի հետ, որը չունի ոչ մի սկզբունք և իր գործողություններում առաջնորդվում է միայն ֆեյսբուքյան քննադատություններով։

Դավիթ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular