ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն օպտիմալացնում է իր մասնաճյուղային ցանցը՝ առցանց սպասարկման միաժամանակյա զարգացմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

eadaily.com-ը գրում է, որ Ավետիք Չալաբյանը բերման է ենթարկվել մայիսի 12-ին իր տան խուզարկությունից հետո։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Ավետիք Չալաբյանը կասկածվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցությունն ապահովելու նպատակով կաշառք տալու փորձին մասնակցելու մեջ։ Մեղադրանքի հիմքը լրատվական կայքերից մեկում հրապարակված «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողին» վերնագրով ինչ-որ ձայնագրությունն է։ Քննության տվյալներով, հանցագործության մեջ կասկածվող երկու անձ, այդ թվում՝ Չալաբյանը, 2 մլն դրամ են առաջարկել վերոնշյալ բուհի ուսխորհրդի ղեկավարին՝ հանրահավաքներին 2000 ուսանողի ներգրավելու համար։ Այնուամենայնիվ, հեռախոսազրույցի ձայնագրությունը ոչ միայն Չալաբյանի պաշտպանական կողմն է շինծու որակում, այլ նաև ցանկացած այն լսող, քանի որ դրանով շատ դժվար է ապացուցել, որ ընդդիմադիրն իրապես ներգրավված է նրանում, ինչում իրեն մեղադրում են։

Պաշտպանական կողմը, ընդհակառակը, բազմաթիվ ծանրակշիռ փաստեր է բերում այն բանի օգտին, որ Հայաստանի քաղաքական և դատական իշխանությունները ջանում են երկարաձգել Չալաբյանի կալանքը։ Շատերը զուգահեռներ են անցկացնում Ավետիք Չալաբյանի գործի և այլ քրեական հետապնդումների միջև, և նման կերպ ցույց տալիս, թե որքան «կույր և խուլ» կամ անտարբեր է հայկական Ֆեմիդան, երբ դա ձեռնտու է որոշ էլիտար շրջանակների։ Այն, որ Ավետիք Չալաբյանն առանց լուրջ հիմքերի է ձերբակալվել, դեռ մեկ ամիս առաջ հայտարարել է նաև ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Իր հայտարարության մեջ նա նշել է ոչ միայն այն փաստը, որ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և ձերբակալությունը հիմնված են ակնհայտ սադրիչ ձայնագրության վրա, որի ապացուցողական արժեքը և թույլատրելիությունը խիստ կասկածելի են, այլ նաև այն, որ «նա ձերբակալվել է երկու ամսով Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը չկա 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում»։ Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը EADaily-ին տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել մի բավականին ուշագրավ իրադարձության վրա, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:

«Մեղադրող կողմը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության, ինչը ևս մեկ անգամ հաստատում է պաշտպանական կողմի այն պնդումները, որ Չալաբյանի գործով ապացույցներ չկան, և նրա մեղավորությունը չի հաստատվում գործի առկա նյութերով: Այն, որ Չալաբյանի կալանքի երկարաձգման համատեքստում լրացուցիչ նախաքննություն իրականացնելով՝ ցանկանում են կոծկել իրենց անգործությունը, ուղղակի անհեթեթություն է»,- ընդգծել է զրուցակիցը։ Փաստաբանը նաև ասել է, որ այս ընթացքում գործնականում քննչական գործողություններ չեն իրականացվել, ընդամենը երկու անգամ է եղել, այն էլ պաշտպանական կողմի պահանջով։

«Նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան,- ևս մեկ անգամ շեշտել է նա,- պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի, ինչպես նաև կբարձրացնի հարցը միջազգային ատյաններում, քանի որ «ներքին դատական համակարգը» հրաժարվում է արդարադատություն իրականացնել և հրաժարվում է մարդու իրավունքների պաշտպանությունից»։ Եվ, բնականաբար, Ավետիք Չալաբյանի պաշտպանությունը մտադիր է դիմել ՄԻԵԴ։ «Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, Չալաբյանը քաղբանտարկյալ է։ Ակնհայտ է, որ այս ամենի մեջ ներգրավվածներին անընդհատ մղում են քաղաքական որոշումներ կայացնելու, որպեսզի Ավետիքը շարունակի մնալ անազատության մեջ»,- EADaily-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։ Նրա խոսքով, շատերն են փորձում հեռու մնալ այդ գործից, բայց «պատվերը պատվեր է»։

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, և բոլոր վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, և որ գործը սարքվել է միայն նրան ազատազրկելու նպատակով։ Հոդվածը, որով նա պահվում է, եվրոպական ոչ մի երկրում գոյություն չունի, միայն Բելառուսում է, և նույնիսկ այնտեղ դա քրեական հանցագործություն չէ, այլ վարչական իրավախախտում է։ Փաստացի ոչ մի գործողություն չի եղել, ընդամենը կա ինչ-որ անհասկանալի ձայնագրություն՝ մոնտաժված ու անօրինական, բայց, այնուամենայնիվ, նրան բանտարկել են։ Եվ հիմա այդ գործում, որում, ըստ էության, բացարձակապես ոչինչ չկա, փորձում են ինչ-որ նախադրյալներ հորինել Ավետիքին էլ ավելի երկար կալանքի տակ պահելու համար»,- ասել է քաղբանտարկյալի կինը։ Անահիտ Ադամյանը վստահ է, որ այս քաղաքական պատվերը հիմնված է ոչ այնքան այն վախի վրա, որ իր ամուսինը հավակնում է լինել ընդդիմության առաջնորդ, որքան ԼՂ հարցում նրա դիրքորոշման հետ:

«Գուցե և նրան այլընտրանք են համարում ընդդիմադիր դաշտում, բայց ավելի շատ նրա գործունեությունն ուղղված է նրան, որ ինչ-որ կերպ Արցախը չհանձնվի Ադրբեջանին։ Այն ամենը, ինչ նա արել է, ուղղակիորեն կապված է Հայաստանի և Արցախի անվտանգության հետ, Չալաբյանը միշտ դեմ է եղել բոլոր այն որոշումներին, որոնք Արցախը տանելու են Ադրբեջանի կազմ։ Իսկ իշխանությունները հիմա փորձում են փակել բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն դեմ են դրան, ովքեր իրավասու են, իսկական հայրենասերներ են և նպատակաուղղված աշխատում են այն ուղղությամբ, որ դա տեղի չունենա»։

Անահիտ Ադամյանը հույս ունի, որ Հայաստանում դեռ արդարություն կգտնեն, իսկ եթե ոչ, ապա, ինչպես փաստաբանն է ասել, կդիմեն միջազգային ատյաններին: «Ես հստակ զգացողություն ունեմ, որ Ավետիքին կպահեն անազատության մեջ այնքան, որքան թույլ կտա միջազգային անտարբերությունը։ Քանի դեռ արտաքին ճնշում չկա նրանց վրա, նրանք Չալաբյանին բաց չեն թողնի, քանի որ ներկայիս իշխանությունն այդ հարցում բացարձակ անամոթ է, ոչ մի արգելակ չունի: Նրանք կշարունակեն նշանակել իրենց դատավորներին, ընդունել իրենց համար հարմար որոշումներ, քանի դեռ միջազգային հանրությունը, վերջապես, կոշտ հարցադրում չանի։ Ու թեև հույս ունենք, որ նա ազատ կարձակվի, այնուամենայնիվ, իրատես ենք և իրատեսորեն ենք գնահատում իրավիճակը»,- ամփոփել է Ավետիք Չալաբյանի կինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular