ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գնում է հակառակ ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները գնում են Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ճանապարհով։ Ազգային ժողովն այսօր լսումներ է անցկացրել, որտեղ քննարկել է Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ինչպես նաև հանրային վերահսկողությունը։ Անկախ ամեն ինչից հարկ է նշել, որ այս նախարարության ստեղծումը առանցքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի համար։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր ելույթում նշել է, թե ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով իրենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնեն, այլև կնպաստեն դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետու հետևողականության ավելացմանը։

Այդուհանդերձ, որքան էլ իշխանությունը փորձում է սա ներկայացնել որպես ժողովրդավարության կարևորագույն քայլերից մեկը, փաստն այն է, որ այս նախարարության ստեղծումը Նիկոլ Փաշինյանի համար բոլորովին այլ նպատակներ է հետապնդում։

Հիշեցնենք, ոստիկանությունը ստեղծվեց 2003 թվականին, երբ Ներքին գործերի նախարարությունը վերացվեց և փոխարենը մեկ առանձին միավոր դարձավ։ Ոստիկանապետն անմիջապես նշանակվում էր նախագահի կողմից, նաև այդ պաշտոնը քաղաքական չէր և ուներ որոշակի ինքնուրույնություն, իսկ ոստիկանապետ կամ ոստիկանապետի տեղակալներ կարող էին նշանակվել միայն համակարգում ճանապարհ անցած՝ առնվազն գնդապետի կոչում ունեցող մարդիկ։ Այժմ Փաշինյանը գնում է հակառակ ճանապարհով։ Նա ստեղծում է սուպերնախարարություն, որի կազմում ընդգրկվելու են ոչ միայն ներկայիս ոստիկանությունը, այլ նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը և մի շարք այլ առանցքային վարչություններ, իսկ Ներքին գործերի նախարարը այլևս քաղաքական պաշտոն է լինելու։

Փաշինյանը սրանով մի քանի հարց է լուծում. նախ ուժային այդ կառույցները դնում է ամբողջությամբ իր վերահսկողության տակ և, իր առանցքային զինակիցներից մեկին նախարարի պաշտոնում նշանակելով, կարողանում է ամբողջությամբ վերահսկել։ Մյուս կողմից խորհրդարանական վերահսկումը՝ նախարարության նկատմամբ, թույլ կտա, որպեսզի նոր նախարարը շատ չափազանց լիազորություններ չստանձնի և չկարողանա մրցակից դառնալ Փաշինյանին։ Ամեն դեպքում փաստն այն է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, գործող իշխանությունները ամեն գնով ցանկացել են վերացնել ոստիկանությունը։ Որքան էլ այն հավատարիմ ծառայում է Փաշինյանին, միշտ վախ ունեն, որ ինչ-որ պահի ուժային այդ կարևորագույն կառույցը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Տիգրան Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular