ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբինյանը ներկայացրեց այն պատճառները, թե ինչու են որոշել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:  Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր:

Ռուբինյանը նախ հայտնեց, որ քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում էր քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է 1 շաբաթ անց:

Իսկ ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության որոշմանը՝ Ռուբինյանն ասաց. «Որոշումը հետևյալն է՝ նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դրա համար մի քանի պատճառներ կան: Նրա խոսքով՝ նախ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման համար առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված:

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,-ասաց Ռուբինյանը:

Այսպիսով՝ ըստ ԱԺ փոխնախագահի՝ՍԴ չդիմելու որոշման առաջին պատճառը ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքն է:

«Երկրորդն այն է, որ կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն: Եվ վերջինը՝ մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, թե մենք պետք է դիմենք ՍԴ և նրանց փախուստի «փրկօղակ» նետենք ԱԺ-ից, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պետք է նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, մենք պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն, ինչ ուզել ենք ասել, ուզում ենք ասել և ասում ենք»,-ասաց Ռուբինյանը:

Նա նաև ընդգծեց, որ ՔՊ խմբակցությունը չի մանդատներից զրկելու հարցը օրակարգ բերել, կա ընթացակարգ՝ երբ պատգամավորների բացակայության շեմը հատվում է, ավտոմատ կերպով հարցը մտնում է խորհրդի քննարկման տիրույթ:

Եթե հաջորդ նստաշրջանում ևս ընդդիմադիրները չգան խորհրդարան, ապա Ռուբինյանն ասաց, որ դա կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի իրենց բացակայությունների հիմքով ՍԴ դիմել-չդիմելու հարց և իրենք կքննարկեն: «Եթե խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները շարունակաբար որոշում են չգալ և վերահաստատում են իրենց հարգանքի բացակայությունը ժողովրդի քվեի հանդեպ,  այդ առումով գուցե մեզ մոտ այլ քննարկումներ ծավալվեն այդ թեմայով»,-ասաց նա: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular