ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական զգուշացում Թուրքիային

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ուշագրավ շերտեր է բացահայտել տարածաշրջանային քաղաքականության առումով։

Ընդ որում հայկական քաղաքագիտական շրջանակները բուռն արձագանքում են Ալի Խամենեիի մի հայտարարությանը, թե Իրանը կընդդիմանա, եթե Հայաստանի հետ սահմանը փակելու քաղաքականություն լինի։

«Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի, քանի որ այս ամենը հաղորդակցության ճանապարհ է, որն այստեղ եղել է հազարավոր տարիներ»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Բանն այն է, որ այս հանդիպումից հետո իրանական լրատվամիջոցները առաջինը շեշտեցին Խամենեիի հենց այս հայտարարությունը՝ բուռն ոգևորություն առաջացնելով հայաստանյան օգտատերերի, քաղաքագետների, լրագրողների շրջանում։

Միևնույն ժամանակ կարծես միտումնավոր ուշադրություն չէր դարձվում Իրանի հոգևոր առաջնորդի մեկ այլ հայտարարությանը, որտեղ նա գոհունակություն էր հայտնում «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու կապակցությամբ»։

Իրանի առաջնորդի այս արձանագրումը նորություն չէ։ Դեռևս 44-օրյա պատերազմից հետո Իրանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Եթե մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում Իրանն առանձնակի ջանքեր չի գործադրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու կամ պատերազմում օգնելու հարցում, ապա նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել նաև մեր հարավային հարևանի համար։

Պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրավիճակում կրկին սահմանների խնդիրն է արծարծվում և զարմանալի չէ, որ Իրանը փորձում է այդ հարցը բարձրացնել Թուրքիայի նախագահի հետ հանդիպումներում։ Հայտնի չէ, թե ինչ է այս մասով ասել Թուրքիայի նախագահը, սակայն փաստն այն է, որ Իրանը դնում է իր կարմիր գծերը թե՛ Սիրիայի, թե՛ Հայաստանի սահմանների մասով և այդ մասին անպայման նշում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումներում։

Մի կողմից սա կարելի է դրական արձանագրում համարել, մյուս կողմից էլ մտահոգության լուրջ առիթ է Հայաստանի իշխանությունների և քաղաքական ուժերի համար, որոնք աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու փոխարեն զբաղված են ներքին գզվռտոցով, անհեթեթ խաղերով և ուշադրություն չեն դարձնում, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ 

Գևորգ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular