Խամենեին սպառնացել է Էրդողանին. Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRealtribune.ru-ն գրում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում սկզբունքային դիրքորոշում է հայտնել Հայաստանի հետ սահմանը փակելու անթույլատրելիության վերաբերյալ։ «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այդ սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության երթուղի է», - նրա խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը: Բացի այդ, այաթոլլահ Խամենեին կենսական է անվանել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը։ «Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական գործողություն կվնասի Թուրքիային, Սիրիային և տարածաշրջանին, բայց օգուտ կբերի ահաբեկիչներին», - նախազգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդը։ Իրանական կողմը հետևողականորեն հայտարարություններ է անում պետությունների տարածքային ամբողջականությանն իր հավատարմության մասին, ինչպես նաև հայտարարում է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու փորձերն անընդունելի են։
Բաքվի ռեժիմը բազմիցս է հայտարարել վիճահարույց Զանգեզուրի միջանցքի ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ երկիրը ընդլայնում է իր բեռների և էներգակիրների տարանցման հնարավորությունները: Խնդիրները կապված են դրա գտնվելու վայրի հետ: Զանգեզուրի միջանցքը Բաքվի ռեժիմին Հայաստանի Սյունիքի մարզով առանց հայկական անցակետերի անարգել մուտք կապահովեր դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ավելի լայն իմաստով այն կստեղծեր աշխարհաքաղաքական միջանցք, որը կմիացներ Թուրքիան մնացած թյուրքական աշխարհի հետ: Այդ հայեցակարգն ավելի ու ավելի է առաջ մղվում Բաքվի և Անկարայի կողմից 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Կրեմլի լուռ համաձայնությամբ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայի, Լիբիայի և Աֆղանստանի միջազգային ահաբեկչական վարձկանների աջակցությամբ հարձակվել էին Արցախի և Հայաստանի վրա։ Այդ ժամանակվանից Բաքուն և Անկարան շարունակել են իրենց օկուպացիոն քաղաքականությունը հայկական հողերի նկատմամբ ֆիզիկապես ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, խաչքարերը, թանգարանները և քարի կամ թղթի վրա հայերի մասին բոլոր տեսակի հիշատակումները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը