ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինը շրջանցող ճանապարհը կկառուցեն օգոստոսին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն Արցախին կապող նոր՝ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարությունը կսկսվի օգոստոսին, հայտարարում է Տարածքային կառավարման նախարարությունը։ Նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

Ըստ էության, այս ճանապարհի իրականություն դառնալու դեպքում հայ ժողովուրդը վերջնականապես կկորցնի Լաչին քաղաքը, Բերդաձորը և նրա հարակից գյուղերը։ Ադրբեջանական կողմն արդեն ավարտին է հասցնում գործը․ Բերդաձորի գյուղերում թուրք ու ադրբեջանցի շինարարներն ասֆալտապատում են ճանապարհը։ Կոռնիձորի տակ արդեն ավարտել են կամրջի շինարարությունը: Ադրբեջանը մեկ այլ ճանապարհ էլ կառուցում է Հորադիզի հատվածում։

104 կմ երկարությամբ երկաթուղու աշխատանքները իրականացվում են արագ տեմպերով։ Ըստ էության, այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս արագ իրականացնել իր ստանձնած պարտավորությունները, ապա և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել եռակողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ, իսկ դա, նշենք, հղի է չափազանց վտանգավոր զարգացումներով Հայաստանի համար։

Հատկապես հաշվի առնելով վերջին օրերին հրադադարի օրերին ռեժիմի խախտումները թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմանների երկայնքով՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, նույնիսկ չի էլ թաքցնում և ստեղծում է միջազգային իրավական հիմքեր Հայաստանին մեղադրելու պարտավորությունները չկատարելու մեջ։

Փոխարենը Հայաստանը ընդամենը միայն այսօր Տարածքային կառավարման նախարարության մակարդակով հայտարարում է շինարարությունն օգոստոսին սկսելու մասին։ Հայկական կողմը պետք է կառուցի Կոռնիձորից Տեղ տանող հատվածը։ Կոռնիձոր գյուղում սակայն այդպես էլ շինարարների չեն տեսել։ Միայն չափագրողներ են եկել և գնացել։ Ադրբեջանա-թուրքական տանդեմն ամեն գնով ցանկանում է Հայաստանից կորզել իր ցանկալի երկաթուղային և ճանապարհային հատվածը, որի անունը Թուրքիայում դրել են «Թուրանական ճանապարհ» կամ «Միջին միջանցք», իսկ Ադրբեջանում՝ «Զանգեզուրի միջանցք»։

Որքան էլ Իրանը կամ այլ պետություններ փորձեն հայտարարել, թե դեմ են Հայաստանի սահմանների վերաձևմանը, փաստն այն է, որ Հայաստանի սահմանները գտնվում են վտանգի տակ, իսկ գործող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այդ վտանգը վերացնելու ուղղությամբ։

Սամվել Այվազյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular