ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անլրջացնել քաղաքական պրոցեսները. իշխանությունների նոր մարտավարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի սրմանը զուգահեռ պարբերաբար քաղաքական պրոցեսները անլրջացնելու գործողություններ են իրականացվում։ Ընդ որում, գործող իշխանությունները չեն խորշում այդ նպատակի համար օգտագործել այսպես կոչված պսևդո-ընդդիմադիրներին կամ կեղծ արևմտամետներին՝ նրանց ներքաշելով կեղտոտ քաղաքական դիսկուրսի մեջ՝ հրահանգելով անհեթեթ առաջարկներ և մտքեր արտաբերել, այդկերպ երկրի առջև ծառացած խնդիրներից շեղել հանրությանը և հերթական անգամ որևէ տեղեկատվական մանիպուլյատիվ առիթ նետել համացանց։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տևական անհետացումից հետո վերջապես հայտնվել է և տարօրինակ մի ցուցակ ներկայացրել, որը, նրա կարծիքով, կարող է լինել Հայաստանի ժամանակավոր կառավարությունը։

Օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին իբր կանգնեցրել էին Արցախ մեկնելու ճանապարհին և թույլ չէին տվել նրա մուտքը։ Թեև Հովհաննիսյանին կանգնեցրել էին ռուս խաղաղապահները, Հովհաննիսյանն անմիջապես սկսեց մեղադրել գործող իշխանություններին՝ փորձելով ներկայացնել իրեն արմատական ընդդիմության դիրքերից։

Երեկ էլ նա կրկին շարունակել է իր «ընդդիմադիր» ելույթները՝ հընթացս նաև տարօրինակ ցուցակ ներկայացնելով։ Ըստ Հովհաննիսյանի՝ ժամանակավոր կառավարության կազմում կարող են հայտնվել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին վարչապետներ Արմեն Դարբինյանն ու Վազգեն Մանուկյանը, հայտնի մշակույթի գործիչներ Վահան Արծրունին և Գագիկ Գինոսյանը, անգամ մի հոգևորական՝ Բագրատ Սրբազանը և «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Զարմանալիորեն այս ցուցակում հայտնվել են գործող իշխանության երկու առանցքային ներկայացուցիչներ՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը։

Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հայտնի է տարատեսակ անհեթեթ ցուցակներ ներկայացնելու իր սովորությամբ, այս անգամ ևս չի դավաճանել ինքն իրեն, ներկայացրել է մի այնպիսի ցուցակ, որտեղ հայտնված անձինք իրար հետ օրգանական որևէ կապ չունեն։ Բացառապես տարբեր գաղափարախոսությունների կրողներ են և տարբեր քաղաքական թիմերի ու տարբեր պատասխանատվությունների։

Անլուրջ է կարծել, թե գործող իշխանության երկու փոխվարչապետները կարող են հայտնվել ընդդիմադիր Լիլիթ Գևորգյանի, Աննա Գրիգորյանի կամ էլ կալանավայրում գտնվող Ավետիք Չալաբյանի հետ մի կառավարության կազմում։ Համացանցը երեկ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու փոխարեն, ակտիվորեն քննարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանի այս առաջարկը, ծաղրում նրան, մինչդեռ դա էլ փաշինյանական վարչախմբի հիմնական նպատակն էր, ամեն ինչ անլրջացնել, շեղել և խաբել ժողովրդին։

Ռուբեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular