Արատավոր պահվածքը շարունակվում է․ տեղեկությունները գաղտնի պահել հանրությունից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի և Արցախի գործող իշխանությունները շարունակում են հանրության հետ հարաբերվել բացառիկ գաղտնիության պայմաններում՝ հնարավորինս թաքցնելով իրենց իսկ դավաճանական գործողությունները, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուքիայի հետ պայմանավորվածությունները: Հանրությունը իրեն վերաբերող ծայրահեղ կարևոր որոշումների և խնդիրների մասին տեղեկանում է միայն պոստֆակտում, երբ արդեն իրադարձությունը տեղի է ունեցել, կամ էլ՝ օրեր անց։
Հայաստանի արտգործնախարարությունը օրեր առաջ հերքել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ռուսական կողմում դեռ չեն տեսել խաղաղապահների գործունեության վերաբերյալ Փաշինյանի առաջարկները։ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, դեռ 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։
Վահան Հունանյանն այդպես էլ չէր մեկնաբանել, թե ի՞նչ մտահոգություններ են, ավելին, Հայաստանի արտգործնախարարությունը հրաժարվում է պատասխանել լրատվամիջոցների հարցումներին և այդ մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել։ Ըստ էության, գործող իշխանությունները հարաբերվում են Ռուսաստանի կամ այլ երկրների հետ միայն այսպիսի եղանակով. կարճ հայտարարություններ կամ հերքումներ են անում, ապա և հանրությանը թողնում են բացարձակ անգիտության մեջ։
Նախօրեին ևս մեկ նման իրադարձություն է տեղի ունեցել, որի վերաբերյալ մինչ օրս պաշտոնապես հաստատում չկա։ Ադրբեջանը հայտարարում է, թե իր զինված ստորաբաժանումները «ճշգրտումների արդյունքում» վերահսկողություն են սահմանել Լեռնային Ղարաբաղի Բուզդուխ և դրան հարակից բարձունքների վրա։ Ադրբեջանական մամուլում նաև տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական դրոշը դրվում։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը այդպես էլ չի արձագանքել: Թե՛ Արցախի նախագահը, թե՛ Արցախի պաշտոնյաները անպատասխան են թողել լրատվամիջոցների զանգերը։ Բուզդուխ կամ Սառցասար կոչվող սարն ընկնում է Ստեփանակերտից հյուսիս, Քարվաճառում գտնվող Դադիվանքի և Մարտակերտի Չարեքթար գյուղի հարակից տարածքներում։
Մինչ օրս որևէ տեղեկություն չկար, թե այդ հատվածում սրացումներ են եղել վերջին օրերի ընթացքում, և միայն ադրբեջանական կողմի հայտարարությունից ու տեսանյութերից հետո նման տեղեկություն է տարածվում, իսկ իշխանությունները որևէ բառ չեն ասում։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ վերջապես հաստատել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում՝ մարտական դիրքում, հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Նվեր Գևորգյանը։ Մինչ այդ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարբերաբար հայտնում էր, թե Հայաստանի սահմանի ուղղությամբ որևէ սրացում կամ հրադադարի խախտում չի եղել։ Եվ այս ամենը ընդամենը մի քանի օրվա իրադարձություններ են, որոնք վստահաբար հայկական կողմը թաքցրել է սեփական հանրությունից և միայն հաստատել կամ տեղեկությունը ճշտել է սոցիալական ցանցերում դրա վերաբերյալ բարձրացված աղմուկից հետո։
44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար հանրությանը կոչ էին անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, փաստացի հերթական անգամ պարզվեց, որ պատկան մարմինները պաշտոնական տեղեկատվության մեջ էլ շարունակում են ստախոսության իրենց պրակտիկան և հանրությունից հնարավորինս թաքցնում են բոլոր տեղեկությունները։
Արմեն Մովսիսյան